Սամվել Մայրապետյանի գործով առողջապահության նախարարությունը համագործակցում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, դատախազության և Հատուկ քննչական ծառայության հետ, որն այդ գործը քննում է եւ իր մասնագիտական եզրակացությունը տրվել է այս մարմիններին: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ես վստահ չեմ, որ հիմա կարող եմ բժշկական գաղտնիք բացահայտել, բայց այն դիրքորոշումը, որը հայտնում են քննչական մարմինները, ներառում է մեր դիրքորոշումը, հետեւաբար նրանց ասածը կարդալուց դուք կարող եք հաշվի առնել, որ մենք մեր կարծիքը տվել ենք իրենց»,-հայտարարեց նախարարը:
Հարցին՝ Սամվել Մայրապետյանը կարո՞ղ է Հայաստանում տրանսլումինալ դրենավորման ենթարկվել, Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Ես արդեն ասացի, որ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք նրանց, ում անհրաժեշտ է եւ նրանց կողմից պատասխանները, հարցի լուծումները ներառում են նաեւ մեր դիրքորոշումը, որը հիմնված է մասնագետների կարծիքի վրա»:
Լրագրողների պնդմանը՝ Հայաստանում նշված բուժական մեթոդը երբվանի՞ց է կիրառվում, քանի որ մասնագետներն ասում են, որ այն մեր երկրում չի կիրառվում, Թորոսյանը պատասխանեց. «Իսկ դուք վստա՞հ եք, որ նրան այդ մեթոդն է ցուցված հիմա: Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը հայտնվել է, քննչական մարմինները եւ դատախազությունը պատասխանելով ՄԻԵԴ-ին եւ փաստաբանական խմբին, հիմնվում են նաեւ մեր կարծիքի վրա»:
0Comments