4 դպրոցական մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Երևանում

Երեկ՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Ո.-ն՝ «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ» ախտորոշմամբ, 16-ամյա Դավիթ Տ.-ն՝ «աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, 17-ամյա Ռոբերտ Ա.-ն՝ «ձախ վերհոնքային հատվածի պատռված արյունահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ, 17-ամյա Արտաշես Ս.-ն՝ «գագաթային շրջանի պատռած վերք և սալջարդ» ախտորոշմամբ:

Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել նույն օրը, ժամը 13:30-ի սահմաններում Չայկովսկու փողոցում Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վահագն Խ.-ի, 18-ամյա Ժիրայր Փ.-ի, 19-ամյա Ռազմիկ Գ.-ի միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 4 երեխաները սովորում են Մ. Աբեղյանի անվան դպրոցում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: