Առևտրականները կրկին փակում են Բագրատաշենի մաքսակետը

Նրանք կշարունակեն ակցիան մինչև հարցի վերջնական լուծում ստանալը

Երեկ Բագրատաշենի մաքսային կետի մուտքն ու ելքը փակել էին Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները, քանի որ  իրենց խոսքով թույլ չեն տալիս անցկացնել 25 կգ ապրանքը:

Լրատվամիջոցների հետ զրույցում նրանք  հայտնեցին, որ մինչև հարցը լուծում ստանա, իրենք կշարունակեն  այսօր փակել մաքսային կետի մուտքն ու ելքը:

Լրագրողի այն հարցին, թե  ճի՞շտ է արդյոք  այն տեղեկությունը, որ որոշ առևտրականներ փորձում են պետությանը «խաբել» ու չասել, որ բեռնափոխադրող մեքենայում, ասենք, 75 կգ-ն հենց իրենց ապրանքն է ու ոչ թե, ասենք, հարևանինը, ու այս կերպ խուսափել մաքսազերծման գումար վճարելուց, նրանք անկեղծորոեն պատասխանեցին, որ երբեմն նման բաներ լինում են:

Առևտրականներն ասացին, որ  պատրաստ են վճարել, եթե ապրանքը թույլատրելիից շատ է , թեև հավելեցին, որ 10 օր առաջ թույլ տալիս էին՝ այդ ամենն իմանալով հանդերձ:

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:

Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքներին: