Կյանքից հեռացել է հայազգի հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը

Պատճառը երկարատև հիվանդությունն էր

82 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի հայտնի ավիակոնստրուկտոր ու գիտնական, ավիացիոն շարժիչների ստեղծող Ալեքսանդր Սարկիսովը: Այս մասին հաղորդում է TACC-ը` հղում անելով  Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության մամուլի ծառայությանը:

«Այո՛, ցավոք, հայտնի կոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը մահացել է հունվարի 13-ին»,- հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշել է «Կլիմով» Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Վատագինը, Սարկիսովը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

Ալեքսանդր Սարկիսովը ծնվել է 1936 թվականին Մոսկվայում: 1959 թվականին նա ավարտել է Ուֆայի ավիացիոն ինստիտուտը, իսկ 1961-ին՝ Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը: Իր գործունեության տարիներին մեծ ներդրում է ունեցել ավիացիոն արդյունաբերության ոլորտում, ինչ համար արժանացել է բազում պարգևների, այդ թվում՝ Լենինյան մրցանակի (1984 թ.), Լոուրենսի մրցանակի (ԱՄՆ, 1991 թ.), Վ. Յա. Կլիմովի մրցանակի (1996 թ.), ՌԴ գիտության վաստակավոր գործչի կոչման (1996 թ.) և այլն: