ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 31-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 26-ամյա բնակչին:
2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 02:38-ին, Արարատ քաղաքի բնակիչը Ոստիկանությունում հաղորդում է տվել առ այն, որ 2019թ. հունվարի 5-ի՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի պոլիկլինիկայի մոտ սպիտակ գույնի ավտոմեքենայից կրակոց է արձակվել իր ուղղությամբ: Ըստ հաղորդման՝ կրակոց արձակողը նույնպես հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ:
Նույն օրը՝ ժամը 01:15-ին, ոստիկանությունում հաղորդում է տվել նաև 1987թ. ծնված տղամարդու հայրը՝ նշելով, որ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրենց 26-ամյա հարևանն իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայից ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակել է իրենց ուղղությամբ, որի հետևանքով իր 31-ամյա որդին ոտքերի շրջանում ստացել է վնասվածքներ:
Դեպքի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հունվարի 8-ին մեղադրյալը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում և ձերբակալվել:
2019թ. հունվարի 10-ին 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
0Comments