Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հերթական շանտաժը` «անկախ» փորձագետների շուրթերով. դե եթե Երևանը գազի գինը սպառողի համար չի բարձրացնում, բնականաբար, «Գազպրոմ»-ն էլ առաջացած «բեռը» կնվազեցնի ներդրումները կրճատելու միջոցով: Ինչպես նախկինում էի զգուշացրել, այժմ բախվում ենք սպասված հետևանքներին: Վլադիմիր Պուտինն իրեն և Ռուսաստանին հանեց գազային վեճից, դիմացն ստացավ Հայաստանի կառավարության համաձայնությունը, որ գազը սահմանին պետք է թանկանա, մինչդեռ հենց ինքն էր բարձրագույն քաղաքական պայմանավորվածության կողմը, որ Հայաստանը Գազպրոմից գազը սահմանին կգնի Ռուսաստանի ներքին գներով, ու դա արվում է ԵԱՏՄ մտնելու Երևանի որոշման դիմաց. հուշիկ քայլերով ու միակողմանիորեն դուրս գալով այդ պայմանավորվածությունից, վեճը իջեցվեց «Գազպրոմ Արմենիա»-Հայաստանի կառավարություն հարթություն, ու այժմ ինքը միայն այդ «ներքին վեճի» արբիտրը կամ «Մինսկի խմբի բացառիկ միջնորդն» է լինելու: Էլ կախվածության աճն ինչպես է լինում… Չկարողանալով լեզու գտնել «Գազպրոմ Արմենիա»-ի հետ՝ ՀՀ կառավարությունը պարբերաբար կդիմի «արբիտրին», կամ եթե սկսի Հայաստանի ներսում միակողմանի, օրինական քայլերով նեղել «Գազպրոմ Արմենիա»-ին, վերջինս կամ սաբոտաժի, կամ նման շանտաժների կամ էլ ինքն արբիտրին կդիմի… Մեր կառավարության կողմից քաղաքական-բանակցային պրոցեսը, կներեք, դիլետանտաբար կառուցելու, պլանավորելու ու իրականացնելու «հմտություններն» արդեն զայրացնում են: Ու հանկարծ թող գրածիցս չառիթավորվեն նախկին իշխանությունները, գազային պայմանագրերը վավերացրած ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ տրիոն, նրանց ներկայացուցիչները: Այս ամբողջ աղբը իրենք են ստեղծել ոչ միայն նոր կառավարության, այլ հենց Հայաստանի համար: Ու սրա համար ձեզ քննադատելը դեռ շատ քիչ է…»:
0Comments