Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ուղիղ քաղաքական հետապնդում. Վիկտոր Սողոմոնյան

Երբ կալանքի հարց է քննարկվում, գլխավոր դատախազը 5 դատախազով է գալիս դատարան, իսկ այս դեպքում ոչ մեկը ժամանակ չէր գտել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ երեկ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորության հետաձգումը քաղաքական առումով երկու տեսանկյունից կարևոր է.

«Առաջին հերթին՝ իշխանությունները հերթական անգամ օգնեցին ապացուցել, որ տեղի ունեցողը պարզ քաղաքական հետապնդում է, որն իրականացվում է երկրորդ նախագահի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք քննիչի գործելակերպին, ընդհանրապես՝ հետաքննող մարմնի, Դատախազության գործելաոճին, երբ կալանքի հարց է, դատական նիստերը նշանակվում են գիշերը՝ ժամը 1-ին, այնքան որ, ափալ-թափալ կալանավորեն, իսկ երբ անազատությունից դուրս գալու հարց է քննարկվում, պարզվում է, որ քննիչն այնքան զբաղված է, որ 18։30-ից հետո ոչնչով չի կարող զբաղվել։

Երբ կալանքի հարց է քննարկվում, գլխավոր դատախազը 5 դատախազով է գալիս դատարան, իսկ այս դեպքում ոչ մեկը ժամանակ չէր գտել։ Այսինքն՝ սա այնքան պարզ է ամեն ինչ ցույց տալիս, որ նույնիսկ ամենալավատեսների մոտ ոչ մի հույս չի մնում, որ Հայաստանում չի գործադրվում ուժգին ճնշում դատարանների վրա։ Դա արձանագրում են արդեն բոլորը։ Իրականացվում է ուղիղ քաղաքական հետապնդում երկրորդ նախագահի հանդեպ, և, ըստ էության, մենք այսօր ունենք առնվազն խղճի բանտարկյալ, եթե չասեմ՝ քաղբանտարկյալ՝ ի դեմս երկրորդ նախագահի, որը մոտակա օրերը ևս անազատության մեջ կանցկացնի»։

Այս իրադարձությունը, ըստ Սողոմոնյանի՝ ի ցույց դրեց ՀՀ իշխանությունների իրական դեմքը. «Փոքրոգի, քինախնդիր, մանր հաջողություններով ուրախացող են։ Աստված իրենց հետ»։

Yerevan Today-ի լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ հիմնական նպատակն այն էր, որ երկրորդ նախագահը Նոր տարին անազատության մե՞ջ դիմավորի, նա այսպես պատասխանեց. «Կարող եմ ենթադրել, ես չեմ կարող այդ մանր հոգեբանության մեջ մտնել։ Այն  իրոք մանր է և հարիր չէ քաղաքական գործելաոճին, բայց ունենք այն, ինչ ունենք»։