Զարուհի Փոստանջյանը որոշել է զբաղվել փաստաբանությամբ

Նա կպաշտպանի «Սասնա ծռեր»-ին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իրավունք է ստացել զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փոստանջյանի խոսքերով ինքը ցանկանում է պաշտպանել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներին։

«Դուք գիտեք դահլիճում գտնվող անձանց վերաբերյալ իմ կարծիքն ու դիրքորոշումը եւ մեր մտերիմ հարաբերությունները։ Ես ցանկանում եմ, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանեմ»,–ասաց նա։

Նա չբացառեց, որ հնարավոր է զբաղվի ամբաստանյալներ՝ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի պաշտպանությամբ։

«Կարիք չկա նրանց պահելու կալանքի տակ։ Անձի նկատմամբ նախնական  կալանքը, որպես խափանման միջոց պետք է լինի բացառիկ միջոց»,–ասաց նա՝ նշելով, որ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների  նկատմամբ առաջադված մեղադրանքն օրինական չէ եւ որ նրանք այս ընթացքում չպետք է գտնվեին կալանքի տակ։