Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը բողոքարկել է պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ պաշտպանը նշել է, որ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
«Որոշումը ստանալուց անմիջապես 3-4 օր հետո բողոքարկել ենք»,- նշել է Հարությունյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 11-ին քննել է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը:
Վաչագան Ղազարյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը: Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը։
Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց: Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
0Comments