«Կառավարության ծրագիրը ներակայացվել է խորհրդարան, մինչդեռ կառավարությունը չի ներակայացրել իր կառուցվածքի մասին օրենքը, որի մոնոպոլ իրավունք ունի միայն ինքը՝ կառավարությունը: Հետևաբար, հարց է առաջանում՝ մենք ունենք ծրագիր, սակայն չունենք այն տեսլականը, թե ինչ մարմիններով են այս ծրագիրն իրականացնելու»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից իր ելույթում ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից դեռևս ամիսների առաջ Նիկոլ Փաշինյանը տվել է խոստում, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և այլ մարմիններ կբերվեն կառուցվածք՝ նախարարությունների տեսքով, սակայն այդ ամիսներն անցել են և այդ ռեֆորմը չի արվել:
«Այսինքն՝ խոստումը չի կատարվել: Եւ եթե մի խոսում չի կատարվում, ապա ինչ հույս կա, որ մյուս խոստումները պետք է կատարվեն»,- նշեց նա:
Հաջորդ խնդիրը, ըստ պատգամավորի, վերաբերում է կադրերին: Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Փաշինյանը պետք է ազատվի Սերժ Սարգսյանի կադրերից, երկրորդ պլանի խաղացողներից, ուրիշ տարբերակ չկա հեղափոխության երազանքները կյանքի կոչելու համար:
Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվերակելու կառավարության ծրագրի նախագծին:
«Միայն կառուցվածքը բավարար է, որ առանց կարդալու ծրագրին դեմ քվեարկենք: Մենք դեմ ենք նաև կադրային քաղաքականությանը և ասում ենք, որ ընդդիմությունը ձեզ առաջարկում է ազատվել Սերժ Սարգսյանի երկրորդ պլանի խաղացողներից, որոնք չեն հավատում, որ հնարավոր է 5 տոկոսից ավելի աճ հնարավոր է ապահովել»,- ասաց Մարուքյանը:
«Եթե մեր առաջարկները մնան անարձագանք, բնականաբար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կառավարության այս ծրագրին քվեարկելու է դեմ»,- ելույթի խոսքում հայտնեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես վախենում եմ, վախենում եմ, որ հանրությունը կամաց-կամաց կսկսի կորցնել հավատն իր ապագայի հանդեպ, որին ինքը հավատացել է ապրիլ-մայիս ամիսներին ու նաև դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ։ Մեր նպատակը տնտեսական հեղափոխությանը նպաստելն է, ու դրա համար մենք կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել։ Այդ առաջարկներին տրված արձագանքից է կախված լինելու «Բարգավաճ Հայաստանի» քվեարկությունը», - ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ անկախ քվեարկությունից, իրենք անելու է առավելագույնը տնտեսական հեղափոխությանը նպաստելու համար. «Անկախ մեր քվեարկությունից՝ մենք մնալու ենք ձեր համախոհը և մեր հնարավորթյունների սահմաններում անելու ենք առավելագույնը, որ քաղաքական հեղափոխության արժեքները կապիտալիզացվեն տնտեսական հեղափոխությամբ»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի կառավարության ծրագրին՝ նշելով. «Առաջարկվող ծրագրի շուրջ աշխատելու ենք կառուցողական, բաց, պատրաստ լսելու քննադատություններ և առաջկներ»։
Աղբյուր` Panorama.am
0Comments