ԱՄՀ առաքելությունը պատրաստակամ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՊԵԿ-ին

Կողմերը գոհունակություն են հայտնել ՊԵԿ-ԱՄՀ համագործակցության ընթացքից

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկային վարչարարության հարցերով տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Վինսենթ Կոուկպայզենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՀ առաքելության նպատակների, ՊԵԿ ընթացիկ խնդիրների, բիզնես գործընթացների եւ ակնկալվող արդյունքների հետ կապված հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են կոմիտեի կողմից մշակվող հարկային վարչարարության ռազմավարության ծրագիրը եւ հարկային օրենսդրության բարեփոխումները:

Անդրադարձ է եղել հարկային ստվերի գնահատման եւ բացահայտման առցանց համակարգի ներդրման գործընթացին, հարկային ստուգումների իրականացման համար ռիսկային նոր չափանիշների սահմանմանը եւ կատարելագործման անհրաժեշտությանը՝ կարեւորելով միջազգային առաջավոր փորձը նշված ոլորտներում: 

Ընդունելության ընթացքում ամփոփվել են ԱՄՀ առաքելության եւ ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռաֆիկ Մաշադյանի, Միքայել Փաշայանի, Արթուր Մանուկյանի, ինչպես նաեւ կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների արդյունքները: ԱՄՀ առաքելությունը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՊԵԿ-ին՝ հարկային վարչարարության արդիականացման ուղղությամբ ընթացող աշխատանքների արդյունավետ իրականացման գործում՝ ակնկալելով դրական արդյունքներ:

Կողմերը գոհունակություն են հայտնել ՊԵԿ-ԱՄՀ համագործակցության ընթացքից: