Պետական հիմնարկներ կան, որտեղ պաշտոնյաներն օրը սկսում են հեղափոխականներին հայհոյելով

Ընտրական համակարգի բարեփոխումները պետք է ԱԺ-ի առաջնահերթությունների մեջ լինեն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր Կառավարության քննարկման ժամանակ հարցը ուղղեց վարչապետ Փաշինյանին՝ անդրադառնալով ԸՕ-ի փոփոխությանը:

Նա նշեց, որ ԸՕ-ի փոփոխությունների հարցը Կառավարության ծրագրում չներառելը ենթադրում է, որ խնդիրը խորհրդարանում պետք է քննարկվի, և խորհրդարանը նախաձեռնող դիրքերից պետք է հանդես գա, որ ավելի լայն ուժեր ներգրավեն:

Ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ԸՕ-ի և կառավարության նախորդ ծրագրի վրա խաչ չի քաշվել:

«Ինչ գրած է, շարունակում է մնալ, այո, ԸՕ-ի գործերով զբաղվել է ԱԺ-ն, և դա տրամաբանական է, և ընտրական համակարգի բարեփոխումները պետք է ԱԺ-ի առաջնահերթությունների մեջ լինեն և ոչ թե կառավարության, նույնը նաև վերաբերում է անցումային դատավարությանը»,-ասաց նա:

Երկրորդ հարցը վերաբերում էր նրան, որ հեղափոխությունից հետո պետական ծառայության առաջին օղակներում, որտեղ անմիջապես բնակչության հետ են առնչվում, որևէ կադրային փոփոխություն չի եղել, և այն ծառայողները, որ սպասարկում են քաղաքացիներին, մնալով նույնը փաստացի հնարավորություն ունեն շարունակելու չարաշահել իրենց լիազորությունը, ինչպես նախկինում էր:

Փաշինյանը նշեց, որ կառավարման ղեկավարն առաջին հերթին խնդիր ունի կադրերի նշանակման պրոցեսի սահունությունն ապահովելու:

«Ենթադրենք, որ մտավ ու 90 տոկոսին հանեց, հարց՝ ինչքա՞ն ժամանակ է  պետք, որ համալրվեն, երկու ամիս, չորս ամիս, մեկ տարի, բայց մեկ տարվա ընթացքում ի՞նչ է լինելու, այդ նույն քաղաքացու համար ավելի՞ լավ է լինելու, հիմա եկավ, հին նամռոտած մարդը նստած է, կամ եկավ, ոչ մեկը չկա էնտեղ նստած, դրանից իրեն ավելի լա՞վ է, թե՞ վատ: Այս նրբությունները պետք է հաշվի առնել»,-ասաց նա:

Վարչապետը նաև նշեց, որ ՊԵԿ-ի ծառայողներից են բողոքում, բայց ինչպես կարող են գալ ու 90 տոկոսին մեկ ամսում հանել, որը 15 տարում են համալրվել:

«Իսկ ո՞վ է բյուջեն հավաքելու, որ մարդիկ աշխատավարձ թոշակ ստանան, պետք է ավելի խորությամբ հասկանալ, այո հեղափոխական ենք, բայց սա Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը չէ, եկանք, հանեցի՞նք նախարարությունից, պատերի տակ գնդակահարեցի՞նք, ասացինք՝ հետո ինչ կլինի, կլինի, 70 տարում կառուցենք կոմունիզմ… սա սիրո և համերաշխության հեղափոխություն է»,-նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝  այսօր պետական հիմնարկներ կան, որ որոշ պաշտոնյաներ օրը սկսում են հեղափոխությանը և հեղափոխականներին հայհոյելով:

«Եվ տուն գնալուց առաջ էլ մի հատ հայհոյում են ու նոր են գնում տուն, մենք գիտենք այս ամենի մասին, բայց պետք է կարիքները հասկանանք, և ցնցումների մեջ դրանից ընկնելու կարիք չկա»,-նշեց նա: