Արտակ Իգիթյանի «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմի պրեմիերան

Միշտ ցանկացել եմ Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել և ներկայացնել իրական Հայաստանն՝ իր բնության գույների ողջ շքեղությամբ, արևի լույսով և անմոռանալի համով-հոտով

Երեկ՝ փետրվարի 12-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա էին միայն լրատվական դաշտի ներկայացուցիչները:

«Համերի ճանապարհ» փաստագրական-ճանաչողական ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր, ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության և գիլդիայի անդամ Արտակ Իգիթյանի կողմից, որը հայտնի է նաեւ  «Ձախլիկը»,«Կրակ, ջուր և ադամանդներ», «Վանա ծովուն արշալույսը», «Ժերար Դեպարդյո գինեգործը», «Ես հայ եմ» եւ այլ ֆիլմերից:

«…երբ քեզ թվա, թե ամեն ինչ գիտես, դու՛րս արի մի նոր ճանապարհորդության…». այս խոսքերով է սկսվում «Համերի ճանապարհ» ֆիլմը:

Ֆիլմի հերոսներն ամենատարբեր համերի հետքերով ճանապարհորդում են Հայաստանի մարզերի գյուղերով և քաղաքներով, Արցախի բնակավայրերով՝ բացահայտելով տարածաշրջաններից յուրաքանչյուրին բնորոշ հայկական ավանդական խոհանոցի ճանաչված ճաշատեսակների պատրաստման ու ներկայացման առանձնահատկությունները: Ֆիլմն, ըստ էության, Հայաստանի համերի քարտեզագրումն է: Յուրաքանչյուր կադրում դիտողը կարող է տեսնել դարերից փոխանցված հայերին հատուկ հյուրասիրության ավանդույթներն ու մշակույթը: Ֆիլմում ներկայացված են ազգային խոհանոցի՝ հազարամյակներից մեզ հասած ճանաչված ուտեստները՝ ղափամա, հարիսա, խորվու, լոբաճաշ, ավելուկով ապուր, ժինգյալով հաց, փախլավա, գաթա…

Խոսելով ֆիլմի ստեղծման շարժառիթների մասին՝ ռեժիսոր Արտակ Իգիթյանն ասաց. «Միշտ ցանկացել եմ Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել և ներկայացնել իրական Հայաստանն՝ իր բնության գույների ողջ շքեղությամբ, արևի լույսով և անմոռանալի համով-հոտով»:

«Որպես ֆիլմի առանցքային հերոսներ՝ ես միանգամից տեսա «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին և բրենդ-շեֆ Զորո Իսպիրյանին: Տեղյակ էի, որ իրենց ռեստորանների ճաշացանկերը ձևավորվել են հենց ՀՀ տարբեր տարածաշրջաններ այցերի, ուսումնասիրությունների արդյունքում. դա նրանց առաքելությունն է՝ պահպանել ու նորովի մատուցել հայկական ավանդական խոհանոցի ուտեստները: Այն, ինչ նկարելու էինք, ըստ էության, իրենց տարիների աշխատանքն էր», - ասաց  Արտակ Իգիթյանը:

 «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 5 օրում  ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Գավառ քաղաքում, Սյունիքի՝ Գորիս, Տավուշի՝ Դիլիջան քաղաքներում, Արմավիրի՝ Մուսալեռ, Վայոց Ձորի՝ Սերս, Արագածոտնի՝ Ավան գյուղերում, Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտում, Խաչմաչ գյուղում և ՀՀ մայրաքաղաք Երևանում: