Ֆինանսների նախարարությունը սկսել է «սև թուղթ» ուղարկելու գործընթացը

Կառավարությունը ցույց է տալիս, թե կառուցողական է տրամադրված, բայց ուղարկված նամակների բովանդակությունը հուշում է, որ փաստորեն վերջնագրի լեզվով է խոսել համակարգի ներկայացուցիչների հետ

ՀՀ Ֆինանսների նախարարությունն սկսել է  նախարարություններին սև թուղթ  ուղարկելու գործընթացը: Այս օրերին ներքին ընթացակարգով նամակներ են ստանում հատկապես այն նախարարությունները, որոնք ներառված են կառավարության օպտիմալացման սցենարում:

168.am-ի հետ մասնավոր զրույցներում այս տեղեկատվությունը հաստատեցին մի քանի գերատեսչություններում: Ասացին, որ Կառավարությունը ցույց է տալիս, թե կառուցողական է տրամադրված, բայց ուղարկված նամակների բովանդակությունը հուշում է, որ փաստորեն վերջնագրի լեզվով է խոսել համակարգի ներկայացուցիչների հետ: Մեկ շաբաթում  ներկայացնել  գոյության իրավունքը հիմնավորող վերջնական առաջարկ, կամ ընդունել խաղի կանոնները՝ ի գիտություն: Իսկ հրահանգված կանոնները տոտալ են՝ մի ամբողջ կառույցի կրճատում՝ փոխարենը՝ հաջողակ մի քանի կադրերի հաստիքով գործառույթների կոմպենսացում:

Հիշեցնենք, նույն սցենարային պլանի համաձայն՝ Սփյուռքի, Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարությունները  կոնկրետ և սեղմ գործառույթներով պիտի դառնան վարչություններ և համապատասխանաբար ձուլվեն Կառավարության աշխատակազմին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ու Կրթության նախարարությանը: Սակայն այս լուծարումները սցենարի, թերևս, երևացող կողմն է, իրականում լայնամասշտաբ կրճատումների կենթարկվեն մի քանի այլ նախարարությունների ենթակա ծառայություններ և գործակալություններ, որոնք սպասարկում են հազարավոր շահառուների շահերը:

Միայն առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվում է առնվազն 650-700  հաստիքի  կրճատում: Քանակական այսպիսի աննախադեպ կրճատումներին այս օրերին սկսել են ընդգծված զգուշավորությամբ անդրադառնալ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավորները: Իշխանական դիրքերից իրավիճակն ընկալողները կրճատումները մեկնաբանելու մեղմ ձևակերպում են գտել՝ օպտիմալացում:

Մասնավորապես, լրագրողների հարցադրումներին տալիս են ժխտական իմաստով պատասխան, այսպես՝ կառավարությունը չի կրճատում, ընդամենն օպտիմալացնում է  պետական կառավարման համակարգը: Հավանաբար թավշյա հեղափոխականների ընկալմամբ՝ հայերենի ձևաբանական այս նուրբ ձևակերպումը կիրառվում է, որպեսզի այս  գործազուրկ դարձողին  չմղի փողոց, որպեսզի հասարակական այս շերտում բորբոքում չընդվզի, սոցիալական  բունտ չհասունանա: Մասնավոր զրույցներում օպտիմալացման ենթակա հատվածում ինչ-որ գործողություններ մտմտում են. կվերածվի՞ դա սոցիալական բունտի, թե՞ ոչ, դեռևս հայտնի չէ։