Որո՞նք են Տավուշի առավելություններն՝ ըստ նորանշանակ մարզպետի

Մարզում խնդիրները շատ են, բայց դրանք բոլորն էլ որոշակի ժամանակահատվածում հնարավոր է լուծել

Տավուշ մարզում առաջնահերթ խնդիրը տնտեսական զարգացումն է, որի արդյունքում հնարավոր կլինի կասեցնել միգրացիան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա խոսքով՝  մարզում խնդիրները շատ են, բայց դրանք բոլորն էլ որոշակի ժամանակահատվածում հնարավոր է լուծել:

«Այսօր թիվ մեկ խնդիրը մարդկային ռեսուրսի, կադրերի խնդիրն է։ Հիմա հաշվառում, անձնագրավորում ենք, թե մարզում ինչպիսի մարդկային ռեսուրսներ կան,կարևոր չէ այդ մարդիկ պետական, թե մասնավոր հատվածում են աշխատում: Մենք պետք է համատեղ համագործակցությամբ  լուծենք մեր առջև ծառացած խնդիրները: Մարդիկ պետք է ավելի ապահով ու վստահ ապրեն սահմանամերձ գյուղերում, քանի որ դրանք ստատեգիական նշանակություն ունեն, դրանք մեր սահմանն են, մեր զինվորի թիկունքը»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Անդրադառնալով սահմանամերձ համայքներին տրվող հարկային արտոնություններին՝ մարզպետը նշեց, որ դրանք բավականին լուրջ խթան են տնտեսական ակտիվության համար, բայց նաև պետք է արձանագրել՝  դեռևս չի ռեալիզացվել Հայաստանում: Ըստ նրա խոսքի՝  կան մի քանի հաջողված դեպքեր, որոնց մասին պետք է շատ խոսել,  որ գործարարներին այդ մասին իմանան:

Հայկ Չոբանյանը նաև նշեց, որ սահմանամերձ գոտիներում բիզնես հիմնելու համար գործարարներին անհրաժեշտ են նաև որոշակի երաշխիքներ:

«Առաջիկայում մենք հատուկ մարկետինգային գործունեություն կծավալենք այս առումով, կոնկրետ հաշվարկներ կանենք և առաջիկայում  նախատեսվող  բիզնես ֆորումների ժամանակ այդ տվյալները կներկայացնենք գործարարներին»,- ասաց  մարզպետը՝ հավելելով, որ հանրապետության տարածքում հարկային արտոնություններ ունեցող ամենաշատ բնակավայրերը գտնվում են հենց Տավուշի մարզում:

Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե արդյոք հնարավոր է՝ առաջիկայում Տավուշում արևային պանելների արտադրություն լինի՝ հաշվի առնելով այն, որ իր ստեղծած ընկերությունը զբաղվում է արևային պանելների արտադրությամբ, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Ցանկացած տեխնոլոգիական ուղղություն Հայաստանի համար համարվում է առաջնային, քանի որ դա ոչ միայն մրցունակ ոլորտ է, այլև դրա զարգացման մեծ տեմպերն անխուսափելի են։ Տավուշն ունի մրցակցային երկու առավելություն, առաջինը՝ հարկային արտոնություններն են, որոնք  տրվում են ն ցանկացած արտադրության համար, երկրորդ՝ այն մոտ է Վրաստանի սահմանին: Մենք պետք է դիտարկենք նաև արտահանման հնարավորությունները»: