«Մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը կխուսափի դատավարական գործընթացներից, դա վիրավորանք է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի քրեական գործին և ընթացող դատավարությանը՝ մասնավորապես դատախազ Վահագն Մուրադյանի հայտարարությանը, թե հիմքեր չկար, որ Քոչարյանը ազատության մեջ լիներ, իսկ դատարանի առարկություն այն է, որ Ռ.Քոչարյանը կթաքնվի քննությունից ու կխոչընդոտի դատական վարույթին։
«Դա հոգեբանական ճնշման նման է, ոչ մեկ չպետք է կասկածեր, որ այդ անձն՝ իր ամբողջ անցած ճանապարհով, բոլոր իր սխալներով կթաքնվեր քննությունից: Պետք է ասել, որ դա հնարածին մի պատճառ է»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ինքը կիսում է Քոչարյանի փաստաբանների այն կարծիքը, թե նա քաղբանտարկյալ է, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Եթե դատավարական իրավունքների պաշտպանությունը ճիշտ չի գնում, միշտ փնտրում են երկու ճանապարհ՝ միջանձնյա հարաբերություններ և քաղաքական հետապնդումներ: Ակնկալում եմ, որ այդ գործով զբաղվողները վերջապես կլրջանան: Մեր կարևոր խնդիրը Քոչարյանը չէ, այլ անկախ դատական իշխանությունների կայացումը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Դիտարկմանը՝ այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ կան, նա մեկ անգամ էլ նշեց. «Այդ ձևերով ստացվում է, որ կան: Ես չպետք է ձևակերպեմ՝ քաղաքական է, թե ոչ: Դատապաշտպաններն անում են իրենց գործը, նրանք իմ ասած հիմքերով ասում են, որ նա քաղաքական բանտարկյալ է»:
Լարիսա Ալավերյանը նաև նշեց, որ Հայաստանի դատական համակարգում նախաքննական փուլից սկսած խնդիրներ կան. «Փաստորեն ամբողջ ազգով սկսել ենք հայկական նոր սերիալ նայել: Չեմ բացառում, որ դա էլ ձև է՝ ուշադրությունը շեղել իրական խորքային խնդիրներից: Չխոսելով նրա մասին, թե ում են արդարացնում կամ չեն արդարացնում, ուզում եմ ասել, որ նույն թափով շարունակվում է դատավարական իրավունքների ոտնահարումը: Ես դատապարտելի եմ համարում այն, որ Հայաստանում ստեղծվել է մի սխեմա՝ սկզբից ուղղորդված ձևով ստեղծվում է հասարակական կարծիք, հետո սկսվում են ինչ-ինչ գործողություններ, հետո արդեն կա համոզմունք, որ տվյալ մարդը մեղավոր է, բայց մենք դատավճիռ չունենք»:
0Comments