ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն ընթացող ասուլիսում անդրադարձավ տարածված մեկնաբանություններին, ըստ որոնց իր՝ մարտի մեկի իրադարձությունների մասին Ռ. Քոչարյանի պոստֆակտում տեղեկանալու և Քոչարյանի գրքում այդ իրադարձությունների նկարագրությունը հակասում են իրար։ Ալումյանը հայտարարեց՝ եթե կա տարբերություն, ապա այն պայմանավորված է ֆորմատի տարբերությամբ։
«Մի բան է, երբ դրանք նկարագրված են մի քանի էջի վրա, մեկ այլ բան, երբ պաշտպանը ճեպազրույցի ժամանակ մի քանի նախադասությամբ պետք է մեկնաբանություն անի։ Իհարկե տարբերություններ կլինեն, բայց դրանք, իհարկե, ֆորմատի տարբերություն են»,-ասաց նա։
Փաստաբանը նկատեց, քանի որ հարցը շատ է շահարկվել, ասուլիսում պարզություն է մտնցնելու։ Նա հայտարարեց հետևյալը.
«Մարտի մեկի լուսադեմին ոստիկանական գործողության վերաբերյալ պայմանավորվածությունը նախնական եղել է, որ որևէ բռնություն, կոշտ հակադարություն, հակամարտություն Ազատության հրապարակում ցուցարարների հետ չպետք է լինի։ Այնտեղ նախատեսված էր գործողություն, որը չէր ենթադրում ուժի կիրառում, պետք է կատարվեր զննություն, որովհետև օրեր շարունակ ստացվում էին օպերատիվ տեղեկություններ, որ հրապարակում հավաքված անձանցից ոմանց մոտ կան առկա են զենքեր՝ ընդհուպ մարտական ինքնաձիգներ ու մարտական նռնակներ։
Կրկնում եմ՝ բռնություն կամ որևէ կոշտ գործողություն նախատեսված չի եղել։ Սակայն երբ ոստիկանակական ուժերը մոտեցել են այդտեղ, ցուցարարները, այնտեղ գտնվող անձինք նախապես զգուշացված են եղել նրանց գալու և նպատակների մասին։ Այդ ժամանակ ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվել ու ոստիկաններին դիմադրություն է ցուցաբերվել, որին ի պատասխան ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, որը մինչ այդ նախատեսված չէր։
Իրադարձությունները զարգացել են էսկալացիայի տրամաբանությամբ, որի հետևանքն արդեն դուք գիտեք, ոստիկանությունը ստիպված է եղեկ կիրառել ուժ ու ցրել այդտեղ գտնվող անձանց։
Այս զարգացման մասին պարոն Քոչարյանն իմացել է առավոտ շուտ, երբ եկել է աշխատանքի։ Սրա մասին է ասված եղել պարոն Քոչարյանի գրքում, սրա մասին է ասված եղել պարոն Քոչարյանի պաշտպանի կողմից շատ հակիրճ, որը պատճառ է հանդիսացել տարատեսակ մեկնաբանությունների»։
Նա նաև խնդրեց, եթե դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանի հայտարարությունների ու Քոչարյանի կողմից ասածների մեջ հակադրություն նկատեն, ապա հիմք ընդունեն Ռոբերտ Քոչարյանի հասածը,«որովհետև մենք անմիջականորեն այդ իրադարձությունների ականատեսը, մասնակիցը չենք եղել, և հնարավոր են որաշակի տարբերություններ՝ կապված ֆորմատի հետ ընդամենը»։
0Comments