Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվեց

Մանրամասներ

Քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ արձակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Ինչպես գիտեք՝ մայիսի 30-ին, Տիգրանին ձերբակալեցին, այնուհետեւ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը, ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՎ, ՈՐ ՏԻԳՐԱՆԸ ՈՐեւԷ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ, նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրեց եւ բոլորիս հայտնի դատավոր Դավիթ Արղամանյանը,  ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՎ, ՈՐ ՏԻԳՐԱՆԸ ՈՐեւԷ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ, որոշեց, որ Տիգրանն ամեն դեպքում պետք է 2 ամսով կալանավորվի։

Չմոռանանք նաեւ վերաքննիչ դատարանի՝ ոչ պակաս հայտնի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, ով եւս ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՎ, ՈՐ ՏԻԳՐԱՆԸ ՈՐեւԷ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ, որոշեց, որ նա պետք է մնա կալանքի տակ։

Իսկ հիմա որեւէ մեկը նույնիսկ չի ուզում ներողություն հայտնել Տիգրանի՝ բառիս բուն իմաստով որեւէ բան չանելու համար ուղիղ 2 ամիս կալանքի տակ գտնվելու համար։

Հ. Գ.։ Նույնիսկ չփորձեք մտածել, որ այս ամենը մոռացվելու է…Տիգրանն իր տեսակով ներողամիտ է, իսկ ես՝ ոչ»,- գրել է նա։

Նշենք, որ այսօր ազատ է արձակվել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։ Նրանք կալանավորվել էին Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո: