Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ Երուսաղեմում, սակայն Իսրայելը կասկածում է. The Jerusalem Post

Մանրամասներ
ա

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ Երուսաղեմում, շաբաթ հայտնել է դիվանագիտական շրջանակում բարձրաստիճան աղբյուրը վարչապետ Նաֆթալի Բենեթի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո, գրում է The Jerusalem Post-ը:

Ռուսաստանը չի մերժել Երուսաղեմում բանակցություններ անցկացնելու գաղափարը, նշել է աղբյուրը, սակայն Իսրայելը վստահ չէ, որ պետք է ընդունի բանակցությունները:

«Մենք մեր փորձից գիտենք, որ բանակցությունները, որոնք շանս չունեն, վատթարացնում են իրավիճակը»,-ասել է աղբյուրը:

«Մենք պետք է տեսնենք՝ արդյո՞ք կկարողանանք իսկապես օգտակար լինել»,-հավելել է նա: «Առաջընթացի հնարավորության դեպքում մենք ամեն ինչ կանենք»:

Երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ վարչապետ Նաֆթալի Բենեթի միջնորդությանը, «մենք որեւէ բան չենք պարտադրում», ասել է աղբյուրը:

«Մարդիկ պետք է հասկանան, որ մենք երբեք ճնշում չենք գործադրի Զելենսկիի նկատմամբ որեւէ ուղղությամբ»,-ասել է աղբյուրը: «Դա սխալ է... Ուկրաինայի նախագահն ու ուկրաինացիները պետք է որոշում կայացնեն, եւ մենք կաջակցենք նրանց»:

«Դա Բենեթի նախաձեռնությունը չէ»,-հավելել է աղբյուրը՝ ասելով, որ շաբաթ Զելենսկին խնդրել է զրուցել Բենեթի հետ եւ արդեն վաղուց տեսնում է Իսրայելին Ռուսաստանի հետ հարաբերություններում միջնորդի դերում:

Բենեթը համարում է, որ ինքը միշտ կպատասխանի Զելենսկիի զանգերին եւ հնարավորության դեպքում կփորձի օգնել, նշել է աղբյուրը:

Աղբյուրը մեջբերել է Զելենսկիի՝ վերջերս արված հայտարարությունները, որ նա պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու փորձից, իսկ Ռուսաստանն այլեւս չի պահանջում Ուկրաինայի ապառազմականացումը: Աղբյուրի խոսքով՝ դա մատնանշում է այն, որ նրանք «չեն փորձում Ուկրաինային ծնկի բերել»՝ որպես վկայություն, որ Ուկրաինան ու Ռուսաստանն աստիճանաբար շարժվում են համաձայնության հասնելու ուղղությամբ: