Թմրամիջոցներ կարմիր պղպեղի տուփում

Մանրամասներ

1

2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Դ. Մ.-ի կողմից դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

Կարմիր պղպեղի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 19,44 գրամ քաշով բուսական զանգված: Ավելի ուշ՝ ժամը 17:30-ի սահմաններում, խուզարկություն է իրականացվել նույն դատապարտյալի խցում:

Խուզարկության արդյունքում պահարանի ետնամասից հայտնաբերվել են ծխախոտի տուփի մեջ թաքցված 2 բաժանորդային քարտ, 2 դատարկ ներարկիչ՝ իրենց ասեղներով, ինչպես նաև մետաղյա ծխախոտի տուփի մեջ թաքցված 13 հատ սերմնահատիկ:

Դատապարտյալ Կ. Հ.-ն բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը պատկանում են իրեն: Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: