Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայությունից ազատել զոհվածների եղբայրներին

Մանրամասներ

ա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

Նախագծով նախատեսվում է պարտադիր զինծառայությունից ազատել մարտական գործողությունների զոհերի կրտսեր եղբայրներին:

Գործող օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը:

«Փաստորեն, գործող Օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը: Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն եւս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ, պետք է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջեւ ծառացած սոցիալական խնդիրները:

Առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ հանել «ընտանիքի միակ արու զավակն է և» բառերը, զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։