Խոսքը, անշուշտ, քաղաքական հարակիրիի մասին է: ՌԴ բարձրագույն իշխանության կարծիքն արտահայտող, երբեմն էլ ձեւավորող Ռեգնում գործակալության վերջին հրապարակումը [Ռեգնում, 1] կարող էր լույս աշխարհ գալ միայն իբրեւ մոտալուտ արտակարգ իրադարձությունների նախերգանք: Նիկոլ Փաշինյանին հրաժեշտի ուղերձ հիշեցնող նյութը նկարագրում է Հայաստանին դելիմիտացիայի պարադրումը ՀամԿԿ(բ) պատմության 1938 թվականի նշանավոր «Կարճ դասընթացի» ոճաբանությամբ
Ռուսական պաշտոնական պատմագրության քաղաքական աստառին ծանոթ որեւէ դիտորդ կասի, որ դելիմիտացիայի պարտադրանքի առիթով Մոսկվայում առաջացել է իրադարձությունների նկարագրությունը կոպտագույնս կեղծելու հրատապ անհրաժեշտություն: Խոսքը ոչ միայն անցյալի մեղքերը կոծկելու մասին է, այլեւ ապագայի՝ կանխավ:
Սահմանազատման գործընթացին համաձայնելու [Փաշինյան, 2] հայտարարությունը նշանակում է հարեւան պետությունների տարածքային ամբողջականության՝ թեեւ արտաիրավական, «ետնամուտքից», այդուհանդերձ փոխադարձ ճանաչում: Հայտարարությանը նախորդած նոյեմբեր 16-ի հարձակումը եւ նոյեմբեր 18-ին դաշնակցային պարտքի կատարման փոխարեն ՌԴ նախագահ Պուտինի «խաղաղարար» ներխուժման եւ «միջանցքներ բանալու հրամայականի» գովազդը [Պուտին, 3] ուրվագծում են այն գալիքը, որին էլ ռուս հանրությանը նախապատրաստում է Ռեգնումի հիշատակված ակնարկը:
«Մոսկվան [Երեւանի եւ Բաքվի միջեւ] շարունակում է հրշեջ խմբի դեր կատարել», – Ռեգնում
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը «Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու» մասին [Միրզոյան, 4] գտնվում է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի նկատմամբ Բաքվի պետական իրավասությունը դե-յուրե ճանաչելու ծիրի մեջ:
Սահմանազատումը Արցախից զատ, աշխարհագրական իմաստով անմիջականորեն շոշափելու է Նախիջեւանի հանրապետության իրավական կարգավիճակը: Դելիմիտացիայի մեկնարկով Նախիջեւանը Հայաստանի Հանրապետության համար այլեւս դադարելու է Երեւանի համաձայնությամբ Բաքվի պրոտեկտորատ լինելուց, այլ ճանաչվելու է Բաքվի ազգային լիակատար եւ բացառիկ իրավասության օբյեկտ:
«Հայաստանը դարձել է Վրաստան՝ այնտեղ ամեն օր մի բան է պատահում», – Ռեգնում
Նույն կարգավիճակն է վերաբերելու, բնականաբար, նաեւ Արցախին: Ընդ որում՝ անկախ այդ տարածքի նկատմամբ ազգերի ինքնորոշման սկզբունքը ՀՀ իշխանությունների պաշտպանելուց, քանի որ նման դեկլարացիա չի ընդունվել պետական իշխանության որեւէ ակտով եւ, ընդունվելու պարագային էլ, դելիմիտացիայի մեկնարկի մասին եռակողմ հայտարարության մաս հաստատապես չի կազմելու: Հարկ է նաեւ նկատի ունենալ ՀԽՍՀ ԳԽ 1989 թվականի որոշման, ՀՀ Անկախության հռչակագրի եւ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին 2010 թվականի օրենքի ներքին՝ ազգային սահմանադրական օրենսդրությանը վերաբերող իրավական կոլիզիան վերացնելու անհրաժեշտությունը:
Այսպիսով, խորհրդային որեւէ թվականի սահմանների հիման վրա դելիմիտացիայի մեկնարկի մասին եռակողմ գովազդվող հայտարարությունը նշանակելու է Մոսկվայի/Կարսի 1921 թվականի պայմանագրի՝ Նախիջեւանի հանրապետությանը վերաբերող բաժնի ընդունում, ընդ որում, ըդլայնված մեկնաբանությամբ, ինչպես նաեւ համաձայնություն ՀամԿոմԿուսի(բ) Կովկասյան բյուրոյի 1921 թվականի որոշմանը, սակայն արդեն միջազգային իրավունքի գործող սուբյեկտ Հայաստանի Հանրապետության կողմից:
Խորհրդային Հայաստանի սահմանները Իլյիչն ու Քեմալը գծել են անկենսունակության պայմանից ելնելով. ոչինչ չի փոխվել
Մոսկվա/Կարսի եւ Լոզանի պայմանագրերի ճանաչմանը ուղղված Արցախում 2020 սեպտեմբեր-նոյեմբերի ռուս-թուրքական ջանքերը իրենց շարունակությունն են ունենալու ՀՀ արեւմտյան սահմանի ուղղությունից եւս: Մոսկվայի կողմից առաջնորդվող թուրքական եւ «ադրբեջանական» հայտերը միայն ծավալվելու են եւ որեւէ առչություն չունեն «խաղաղություն» բառի հետ: Երկու ճակատով պատերազմից խուսափելու ուղիների մասին՝ հաջորդ նյութով:
ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am
0Comments