Հեղափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք արմատախիլ անել կոռուպցիան: Հունիսի 10-ին՝ հայ-իտալական գործարար համաժողովին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կոռուպցիան արմատախիլ է արվել քաղաքական մակարդակում: Դա նշանակում է, որ խոշոր բիզնեսը շարունակում է պահպանել իր ուժը, սակայն այլեւս բացառիկ դիրք եւ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չկա: «Խոշոր բիզնեսը չի դադարեցրել իր գործունեությունը, չի իրականացվել նաեւ սեփականության վերաբաժանում: Հայկական հեղափոխության յուրահատկությմունը նրանում է, որ լուրջ քաղաքական փոփոխություններից հետո ոչ մի տնտեսական ցնցում, ռեցեսիա չի գրանցվել: Ավելին՝ հեղափոխության ժամանակվանից տնտեսական աճը կազմում է 7.1 տոկոս, իսկ ապրիլին՝ 9.2 տոկոս», - ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի տնտեսության առավել առաջնահերթ ոլորտները` տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, վերափոխման եւ նոր մակարդակի հասնելու կարիք ունեն:
«Գյուղատնտեսությունը պետք է պահպանի արտադրության էկոլոգիական բարձր որակի բարձր մակարդակը եւ զուգահեռաբար պետք է իրականացվի նորարարությունների ներդրում», - ընդգծեց վարչապետը:
Նրա խոսքով, Հայաստանում հնարավորություններ են ստեղծվել, երբ յուրաքանչյուրը կարող է իրականացնել հարստանալու իր կարողությունները:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց դատական համակարգի բարեփոխման կարեւորությունը, որը ներդրողների համար երաշխիք կդառնա:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երեւանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով:
0Comments