Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու մինչ փաստաթղթի ստորագրումը հանրությանը չի ներկայացվել բովանդակությունը

Մանրամասներ

Կա որոշակի հանրային քննարկում, թե ինչու ստորագրվող հայտարարության  մասին նախապես չի եղել հանրային տեղեկացում. դրա համար կա շատ կոնկրետ պատճառ: Առաջինը՝ ես ինքս եմ ընդունել, որ այդ հայտարարության բովանդակությունը լավը չէ մեզ համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատկերացրեք իրավիճակ, երբ այդ բովանդակությունը ներկայացվում է և արդյունքում ինչ-ինչ պատճառներով չի ստորագրվում: Դա շատ բացասական հետևանք կունենար մեր մարտունակության վրա: Այսինքն՝ եթե չստորագրվեր, և օրինակ, ռազմական գործողությունները դադարեցնելու որոշում կայացվեր, կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը գոնե ռազմական գործողությունների դադարեցման չի բերել, բայց մարտունակության նվազման է բերել»,-ասաց Փաշինյանը:

Մյուս պատճառը, նրա խոսքով, այն է, որ երբ հանրությանը ներկայացնում ես բովանդակությունը, պետք է բացատրես նաև՝ ինչու ես այդպիսի բան անում. «Եթե դա անում ես մարտական գործողություններին զուգընթաց, դրանով նաև հակառակորդի համար բացահայտում ես քո որոշակի թույլ տեղերը, և եթե հանկարծ չի ստորագրվում, կամ հակառակորդը քո թույլ տեղերն իմանալով առավելություն է ստանում, դա ինչ-որ առումով ազդում է հետագա պրոցեսների, և, ընդհանրապես, պաշտպանունակության և մարտունակության վրա»,-նշեց նա: