Եթե մենք ունենք հաղթող գաղափար և կարող ենք դրանում համոզել մյուսներին, այդ փողը կհայտնվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին:

Իր խոսքում վարչապետը նշեց, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է ՀՀ կառավարության համար. «Հաճախ են հարցնում, թե ինչ է դա ու ինչ է այն նշանակում: Ստարտափն այն է, երբ որևէ մեկը շատ լավ գաղափար ունի, սակայն չունի փող, չունի գրասենյակ և այլն: Սակայն նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ, իսկ այդ ներդրողներն աջակցում են գաղափարին՝ հավատալով հաղթանակին: Նրանք, բնականաբար, այդ հաղթանակից մասնաբաժին են ունենում»:

Ստարտափը, վարչապետի խոսքերով, օգտագործվում է տեխնոլոգիական ոլորտում, սակայն պետք է այն տարածել հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա. «2018 թվականի հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, քանի որ կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար և կարողացան հանրությանը համոզել, որ այն կարող է հաղթել, հանրությունը հավատաց դրան, ունեցավ մասնակցությունը և Հայաստանում հաստատվեց ժողովրդի իշխանություն»:

Փաշինյանի խոսքերով, ՀՀ կառավարությունը փորձում է մարդկանց ամեն օր համոզել, որ կարևորը փողը չէ, կարևորը գաղափարն է. «Եթե մենք ունենք հաղթող գաղափար և կարող ենք դրանում համոզել մյուսներին, այդ փողը կհայտնվի: Սա է նոր Հայաստանի էությունը, որտեղ գաղափարներն իրականություն դառնալու հնարավորություն ունեն: Մենք մարդկանց հրավիրում ենք օգտվել իրենց գաղափարները կյանքի կոչելու բացառիկ հնարավորությունից: Սա է տնտեսական հեղափոխությունը: Ամեն ինչ սկսում է մտքից, գաղափարից»:

«Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանում ստարտափը դառնա իշխող մտածողություն, դառնա մենթալիտետ, որպեսզի ամեն մարդ հասկանա, որ ինքը տաղանդ է, հավատա իր ուժերին, ինչի արդյունքում բոլորին կստիպի  հավատալ իր ուժերին, իր տաղանդին, մտքին, հզորությանը: Նոր Հայաստանը, ըստ էության, ստարտափ է և այնպիսի թափ է հավաքել, որ արդեն կանգնեցնել չի լինի: Նոր Հայաստանը, հեղափոխության, ժողովրդի Հայաստանն է ու անպայման հաղթելու է, իսկ այսօրվա հարթակի նման հարթակները շատ կարևոր են այդ ճանապարհին:

Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք: Հիմա մենք հասել ենք մտքի դար, մենք ունենք միտք և մեր միտքը միանշանակ հաղթելու է, որովհետև արդեն հաղթել է, քանի որ նոր Հայաստանն առաջին հերթին մտքի հաղթանակ է: Ես ողջունում եմ բոլորիդ որպես մտքի առաջատարների, մտքի ակտիվիստների: Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա մտքի գերտերություն»,-ասաց վարչապետը: