Պարալիմպիկ խաղերի մեդալակիր, հեծանվորդ Ջեյմս Բրաունը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող Extinction Rebellion խմբի բողոքի ակցիաների շրջանակում Լոնդոնի օդանավակայանում բարձրացել է British Airways ավիաընկերության ինքնաթիռի տանիքին, որը պատրաստվում էր թռիչք իրականացնել դեպի Ամստերդամ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նա համացանցով ուղիղ եթեր է մտել և խոստովանել է, որ վախենում է բարձրությունից, մրսում է ու հուսով է, որ շուտով իրեն կիջեցնեն ինքնաթիռի տանիքից:
Եվս մի տղամարդ հրաժարվել է զբաղեցնել իր տեղն ինքնաթիռում՝ այդպիսով ուշացնելով չվերթը մոտ 2 ժամ: Նրանք երկուսն էլ տոմս էին գնել և անցել էին օդանավակայանի անվտանգության համակարգով:
Մեծ Բրիտանիայում կլիմայի փոփոխման դեմ բողոքի ակցիայի 4-րդ օրն անկարգությունները կենտրոնացել էին Լոնդոնի օդանավակայանում, որտեղ ձերբակալվել է 50 մարդ, որոնք փակել էին օդանավակայանի մուտքը:
Օդանավակայանի գործադիր տնօրեն Ռոբերտ Սինքլերն ասել է, որ բոլոր չվերթները տեղի են ունեցել ժամանակին կամ փոքր ուշացումներով, բայց երկու թռիչք ստիպված են եղել չեղարկել:
«Ամբողջ հարցը կլիմայական և էկոլոգիական ճգնաժամի մեջ է: Մենք բողոքում ենք կլիմայական և էկոլոգիական հարցերում կառավարության անգործության դեմ: Նրանք հայտարարում են կլիմայական արտակարգ դրություն ու ոչինչ չեն անում այդ շրջանակում»,- ասել է տղամարդն ուղիղ եթերի ժամանակ:
Մայրաքաղաքի ոստիկանության կոմիսար Կրեսիդա Դիկը բնութագրել է ակցիան որպես «անխոհեմ և վտանգավոր»:
0Comments