Ինչ են քննարկել «Սանիթեք»-ի աշխատակիցները կառավարության ներկայացուցիչների հետ

Խնդրի հնարավորինս սեղմ ժամկետում լուծման համար քննարկվում է 3 տարբերակ

 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնականների եւ Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետի հետ հանդիպմանը «Սանիթեքի» աշխատակիցները քննարկել են իրենց աշխատավարձերի հարցի լուծման 3 տարբերակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

«Աշխատանքային քննարկում ենք ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնականների հետ, նաեւ Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետն էր մեզ հետ, քննարկմանը մասնակցում էին բողոքի ակցիայի մասնակից «Սանիթեքի» աշխատակիցները։ Խնդրի հնարավորինս սեղմ ժամկետում լուծման համար քննարկվում է 3 տարբերակ, որոնցից մեկը մենք պետք է համաձայնեցնենք «Սանիթեք» ընկերության հետ, իսկ իրենք՝ Երեւանի քաղաքապետարանի հետ»,–նշեց Աղեկյանը։


Նա չհրապարակեց 3 տարբերակները.«Դրանք դեռեւս քննարկման փուլում են, սակայն ասաց, որ նստացույցը դադարեցնում են»։