Մարտի 1-ի գործի բոլոր դետալները բացահայտվելու են

Յուրաքանչյուր դետալ, էլ չեմ ասում այսպիսի կարևոր իրադարձությունն իր առանցքային նշանակությունն է ունենալու որոշակի վարկածների ընտրության և այդ վարկածներով քննությունը խորացնելու համար

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ Հայկ Հարությունյանի մահը դժվարացնի Մարտի 1-ի գործի բացահայտումը, նշել է, որ Մարտի 1-ի գործի քննությունը շատ ակտիվ իրականացվում է. «Յուրաքանչյուր դետալ, էլ չեմ ասում այսպիսի կարևոր իրադարձությունն իր առանցքային նշանակությունն է ունենալու որոշակի վարկածների ընտրության և այդ վարկածներով քննությունը խորացնելու համար»:

«Թե ինչպես կարող է տեղի ունեցածն ազդել գործի քննության վրա, միայն արդյունքում կերևա: Ես հիմա չեմ կարող դա ասել»,-ասել է Դավթյանը:

Արթուր Դավթյանը վստահ է, որ Մարտի 1-ի գործի բոլոր դետալները բացահայտվելու են. «Դա կլինի վաղը, մեկ ամսից, երկու ամսից, մեկ տարուց հետո, դեռ չեմ կարող ասել»: