Ֆրանսիացի լուսանկարիչ Լորեն Բահոյի հեղինակած առյուծների սևուսպիտակ լուսանկարները ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Լուսանկարներն արվել են 17 տարիների ընթացքում լուսանկարչի` Քենիա, Տանզանիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Նամիբիա և Բոթսվանա կատարած ճամփորդությունների ընթացքում, գրում է Daily Mail-ը:
«Կարելի է ժամերով նկարել միևնույն առյուծին, սակայն արդյունքում ստանալ իրարից լիովին տարբեր լուսանկարներ: Առյուծի կերպարը տարբեր զգացողություններ է առաջացնում` ուժ, փխրունություն, սեր, նրբություն: Որպես լուսանկարիչ` այդ ամենն ինձ մոտ հիացմունք է առաջացնում»,- ասել է նա:
Բահոն լուսանկարների վրա միայնակ է աշխատել` առանց օգնականի: Նրա ստեղծած ալբոմում կարելի է տեսնել առյուծների` մոտ տարածությունից արված շատ լուսանկարներ: Հետաքրքական է այն հանգամանքը, որ լուսանկարիչն ինքը երբեք չի մոտեցել առյուծներին. նրանք են մոտեցել:
«Լուսանկարներն անելիս ես չեմ փորձել գրավել առյուծների ուշադրությունը և շեղել նրանց իրենց առօրյայից»,- ասել է Բահոն:
«Ես օգտագործում եմ նաև հատուկ լուսանկարչական ոսպնյակներ, որոնք հնարավորություն են տալիս կենդանիներին ավելի մոտ զգալու՝ առանց ֆիզիկապես նրանց մոտենալու: Այսպիսով՝ ես կարող եմ առյուծներին ինձ մոտիկ զգալ` առանց նրանց անհանգստացնելու»,- հավելել է նա:
Բահոն հայտնի է վայրի բնության իր լուսանկարներով, սակայն Աֆրիկայում արված առյուծների լուսանկարները հատուկ տեղ են գրավում նրա սրտում:
«Աֆրիկայի վայրի բնության հետ շփումն ինձ անսահման երջանիկ է դարձրել»,- խոստովանել է լուսանկարիչը:
Առյուծների 115 լուսանկարներից ամենասիրելին լուսանկարչի համար խիստ հայացքով հեռուն նայող առյուծի լուսանկարն է:
Լուսանկարչի բնորոշմամբ՝ լուսանկարն ուժ, միաժամանակ քնքշություն է արտահայտում:
«Ինձ համար դրանք շատ հատկանշական բնութագրիչներ են առյուծների համար: Իմ նկարած յուրաքանչյուր առյուծ ուրույն անհատականություն ունի: Սիրում եմ, երբ նկարները մարդկանց մոտ զարմանք, հարցեր են առաջացնում և հուզում են»,- ասել է նա:
0Comments