Պայմանագրային զինծառայողը մահացու վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջը

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն

Երեկ՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 20։30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Իվան Ք.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սարդարապատ գյուղի բնակիչ, 79-ամյա Ռայիսա Պ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը, ժամը 08։45-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Իվան Ք-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։