Որոնք են մեղրի օգտակար ու վնասակար հատկությունները

Մեղրի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն օգնում են պահպանել տեսողությունը, կարգավորել զարկերակային ճնշումն ու նվազեցնել սրտանոթային հիվանդությունները

 

Մեղրը համարվում է սննդամթերքի ամենայուրահատուկ տեսակներից մեկը: Այս մթերքն արդյունավետ դեղամիջոց է առողջական ամենատարբեր խնդիրների դեմ, սակայն միևնույն ժամանակ այն կարող է նաև վնասակար լինել սխալ գործածության դեպքում:

Մասնագետների խոսքով՝ մեղր օգտագործելիս հարկավոր է անպայման նախապատվությունը տալ բնական մեղրին՝ խուսափելով արհեստական փոխարինող միջոցներից, քանի որ դրանք չեն պարունակում օգտակար տարրեր և կարող են առողջական խնդիրներ առաջացնել: Բնական մեղրի բաղադրության շուրջ 80%-ը բնական շաքար է, իսկ մյուս մասը կազմում են վիտամինները, ծաղկափոշին, հանքանյութերը, սպիտակուցներն ու ջուրը: Սա էպատճառը, որ այս մթերքը համարվում է էներգիայի վերականգման լավագույն աղբյուրն ու տարբեր հիվանդությունների բուժման ամենաարդյունավետ միջոցը:

Մեղրի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն օգնում են պահպանել տեսողությունը, կարգավորել զարկերակային ճնշումն ու նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Բացի այդ, բնական մեղրը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը, մեղմում է ցավն աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում և օժտված է հակասնկային ազդեցությամբ:

Բիֆիդոբակտերիաներ ու լակտոբացիլներ պարունակող մեղրի չափավոր գործածությունն օգնում է արտադրել իմունային բջիջներ, ինչպես նաև պայքարել ավելորդ քաշի ու արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման դեմ: Սակայն պետք չէ մոռանալ, որ սխալ գործածության դեպքում օգուտից բացի մեղրը կարող է նաև վնաս հասցնել օրգանիզմին: Մեղրի չարաշահումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի կուտակման, զարկերակային ճնշման նվազման ու ինսուլինի մակարդակի բարձրացման, ինչն էլ կարող է դառնալ շաքարային դիաբետի զարգացման պատճառ:

Բացի այդ, պետք չէ բացառել նաև ալերգիկ ռեակցիայի, սննդային թունավորումների կամ որովայնի սուր ցավերի հավանականությունը: Փորձագետները խորհուրդ են տալիս նաև ուշադրություն դարձնել մթերքի ջերմաստճանին, քանի որ 45˚C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում այն կորցնում է իր օգտակար հատկությունների մեծ մասը:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org, գրում է tert.am