Դժվար է ասել, թև դեռ ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի թավշյա հեղափոխության խոստացած արդյունքները հասանելի դառնան հասարակությանը։ Այս տեմպով գնալու դեպքում, միանշանակ է, որ դա շուտ չի լինելու։ Ու դեռ հարց է՝ ընդհանրապես լինելո՞ւ է, թե ոչ։ Իշխանափոխության 15 ամիսները ցույց տվեցին, որ նոր իշխանությունները պատատ չեն բավարարել հասարակության սպասելիքները։ Արագ փոփոխությունների հույսերն արդարացված չեն ու չեն լինելու։
Տնտեսական իրավիճակն ու սոցիալական կյանքը Հայաստանում իշխանափոխությունից 15 ամիս անց ոչնչով չի լավացել։ Հասարակության ստվար հատվածն առաջվա նման շարունակում է հազիվ գոյություն պաշտպանել։ Նրանց եկամուտները նույնքան ցածր են, որքան նախկինում էին։ Այս առումով իշխանափոխությունը, կարելի է ասել, մինչև այժմ ոչինչ չի տվել։ Աշխատանքի վարձատրության ոլորտում գրեթե փոփոխություններ չկան։ Չհաշված, որ պետական կառավարման ոլորտում հաստատված իմքայլականները սկսել են պետական միջոցների հաշվին իրենց շռայլորեն պարգևատրել։ Ոչինչ, որ իշխանափոխությունից 5 ամիս հետո Հայաստանում կենսաթոշակ չի բարձրացել։ Իհարկե, սպասվում է, որ դա կլինի հաջորդ տարվանից մի ամբողջ 10 տոկոսի կամ 3-4 հազար դրամի չափով։ Գուցե կառավարությունը դա համարի թավշյա հեղափոխության լրջագույն ձեռքբերումներից մեկը։ Բայց հազիվ թե կարելի է կարծել, որ, եթե իշխանափոխություն տեղի չունենար, կենսաթոշակների նման բարձրացում չէր լինի։ Նախորդ կառավարությունն արդեն այդպիսի հիմքեր ստեղծել է: Ընդհակառակը՝ իշխանափոխությունը մի բան էլ հետաձգեց դրա իրականացումը։
Նախկինում էլ կենսաթոշակները պարբերաբար բարձրացել են։ Այլ բան է, որ դա բավարար չի եղել։ Հայաստանում կենսաթոշակները չափազանց ցածր են։
Այնպես չէ, որ սպասվող 10 տոկոսանոց բարձրացումից հետո պատկերը կփոխվի։ Դրանք կշարունակեն ցածր լինել։
Կառավարությունն ի վիճակի չեղավ այս ոլորտում մեծ քայլ կատարել։ 15-ամսյա վարչապետության ընթացքում Նիկոլ Փաշինյանը գրեթե ոչինչ չարեց հասարակության այդ հատվածի սոցիալական վիճակը թեթևացնելու համար։ Այնպես որ, այսուհետ ևս նրանք կշարունակեն ապրել նույնքան վատ պայմաններում, որքան նախկինում էին ապրում։
Թավշյա իշխանափոխության 15 ամիսներին Հայաստանում այդպես էլ գնանկում տեղի չունեցավ։ Մի կողմից՝ հասարակության եկամուտները չավելացան, մյուս կողմից՝ ամենուրեք թանկացումներ են։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, երբեմն, հասնում է 60-70 տոկոսի՝ մեծացնելով սոցիալական՛ լարվածությունը։ Հասարակության դժգոհությունները կառավարության գործողություններից պատահական չեն։ Ինչքան էլ փորձ արվի դա կապել նախկինների ռևանշիստական նկրտումների հետ, փաստն այն է, որ սոցիալական վիճակը երկրում լավ չէ։ Մարդիկ աշխատելու ու ընտանիք պահելու հնարավորություններ չունեն, ինչքան էլ կառավարությունը հայտարարի, որ բոլորի համար գործելու հավասար դաշտ է ստեղծել։
Անգամ, եթե այդպես է, միամտություն է կարծել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում բոլորը պիտի գործարար դառնային։ Գործարարությամբ զբաղվելու համար ոչ միայն ձիրք, այլև հնարավորություններ են պետք, այդ թվում՝ ֆինանսական հնարավորություններ։ Եթե մարդը փող չունի ընտանիքի առօրյա հոգսերը հոգալու՝ ինչպե՞ս կարող է գումար ներդնել և բիզնես սկսել։ Եվ հետո, ո՞րն է այն բիզնես դաշտը, որտեղ պետք է գործունեություն իրականացնել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Իշխանափոխության 15 ամիսները. ի՞նչ էինք սպասում և ի՞նչ ունենք. «168 Ժամ»
Արագ փոփոխությունների հույսերն արդարացված չեն ու չեն լինելու
0Comments