«Իմ քայլում» լուրջ տարաձայնություն կա. Մակունցը հատ-հատ զանգում ու հանձնարարում է. «Հրապարակ»

Ակտիվ կողմնակիցներն են ֆրակցիայի սորոսական եւ դրան հարող թեւը, որոնք արդեն իսկ հրապարակային քարոզչություն են անում՝ Մարիա Կարապետյան, Գայանե Աբրահամյան, Սոս Ավետիսյան եւ այլք

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մասը դեռ չի մեկնել հանգստանալու: ՍԴ-ի շուրջ զարգացումները եւ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում: ԱՄՆ-ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս հատ-հատ զանգահարում էր ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարում` արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այն անպայման պետք է սեպտեմբերին անցկացվի։ Եթե ձեր տեսակետը բացասական է, լռեք, պետք չէ խոսել, եթե դրական է, բարձրաձայնեք այս ընթացքում՝ հորդորել է նա:

Ի դեպ, ֆրակցիայում պատգամավորներ կան, որոնք տեղեկացրել են, որ դեմ են կոնվենցիային, եւ հարցրել են` ինչո՞ւ ենք ամեն գնով ուզում ընդունել: Մակունցը պատասխանել է․ նախ` նախկիններն են այն ստորագրել, իսկ իրենք ընդամենը վավերացնում են, որովհետեւ դա Հայաստան-ԵՄ համաձայնագրի պարտավորություններից է բխում:

Հակընդդեմ փաստարկները, որ կան երկրներ, ինչպես Մեծ Բրիտանիան, որ չեն վավերացրել, արձագանքի չեն արժանացել: Ի դեպ, պոտենցիալ դեմ քվեարկողների մեջ են Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Սասուն Միքաելյանը, Հովիկ Աղազարյանը, Սերգեյ Ատոմյանը:

Ակտիվ կողմնակիցներն են ֆրակցիայի սորոսական եւ դրան հարող թեւը, որոնք արդեն իսկ հրապարակային քարոզչություն են անում՝ Մարիա Կարապետյան, Գայանե Աբրահամյան, Սոս Ավետիսյան եւ այլք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում