Գագիկ Ծառուկյանը Լեոնիդ Կալաշնիկովին հրավիրել է Հայաստան

Ռուս պաշտոնյան առանձնահատուկ ընդգծել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող ռուսական թեքումով դպրոցի դերը՝ նշելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին

Աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում  գտնվող  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության պատվիրակությունը, նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության  Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ:

Ռուս  պաշտոնյան առանձնահատուկ ընդգծել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող ռուսական թեքումով դպրոցի դերը՝ նշելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին և երկու երկրների դարավոր բարեկամությանը:

ԲՀԿ նախագահը կարևոր է համարել նաև միջխորհրդարանական կապերի, փոխադարձ այցելությունների ու շփումների էլ ավելի ակտիվացումը: Կողմերն անդրադարձել են նաև «Բարգավաճ Հայաստան»  և  Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա»  կուսակցությունների միջև հաստատված երկարամյա սերտ գործակցությանը՝ ընդգծելով, որ քաղաքական երկու ուժերին հաջողվել է էապես նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

Ըստ աղբյուրի, Գագիկ Ծառուկյանը Լեոնիդ Կալաշնիկովին հրավիրել է Հայաստան: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան սիրով ընդունել է այն՝ նշելով, որ ԲՀԿ նախագահի հրավերով Հայաստան կատարած վերջին այցի ջերմ տպավորությունները մինչև օրս թարմ են մնացել: