tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ հնդիկ դերասանների մասնակցությամբ համերգը հետաձգվել է և կայանալու է հուլիսի 4-ին, քանի որ համերգի կազմակերպիչ Վահե Հարությունյանը չէր կատարել պայմանագրով նախատեսված կետերից մեկը: Վարդան Սարգսյանը Tert.am Life-ին հայտնեց, որ պայմանագրով նախատեսված պարտավորություններն արդեն կատարված են, արտիստների հոնորարները՝ փոխանցված և հուլիսի 4-ին համերգը կկայանա:
Համերգին մասնակցում են Ռաշամի Դեսաին, Թինա Դատտան, Սպանդան Չատուրվեդին,Գաուրավ Չոպրան, Վիջաենդրա Կումերիան, Մրունալ Ջայինը, հայկական կողմից՝ Միհրան Ծառուկյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Գոռ Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ալլա Լևոնյանը, Վարդան Սարգսյանը:
Վարդանը պատմեց, որ դերասանների մասնակցությունը համերգին խաղարկային է լինելու․ «Քանի որ իրենք երգող չեն, ծրագիրն այնպես ենք մշակել, որ յուրաքանչյուր հայ արտիստ երգում է 1 հնդկական, 1 հայկական երգ: Դերասանների մուտքը հատուկ բեմադրությամբ է լինելու՝ պարի տեսքով: Նախատեսում ենք պտույտ դահլիճով, որպեսզի հետևում նստած մարդիկ էլ տեսնեն նրանց: Իրենց մասնակցությունը խաղարկային է: Բավականին գունավոր շքեղ համերգային ծրագիր է»:
Երգիչը նաև հայտնեց, որ դերասանները Հայաստան կժամանեն համերգից 2 օր առաջ և կմեկնեն համերգի հաջորդ օրը, սակայն որոշ արտիստներ հայց են ուղարկել Հայաստանում մի քանի օր ավելի մնալու և երկիրը տեսնելու համար։
Հնդիկ դերասաններին իր հաղորդման շրջանակում նկարահանելուց հետո Վարդանը մի քանի անգամ խոսել էր Իչայի դերակատար Թինա Դատտայի վատ բնավորության, մեծամիտ ու գոռոզ լինելու մասին և նշել էր, որ զզվում է այդ տեսակի մարդկանցից, սակայն համերգի շրջանակում համագործակցում է նրա հետ:
Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել իրենց համագործակցությունը․ «Իհարկե, չեմ ուզում փնովել իրեն, սակայն ես 3 անգամ փորձել եմ իրեն նկարահանել, չի ստացվել իր վատ բնավորության պատճառով: Այնպես է ստացվել, որ պրոդյուսերը, որի հետ համերգի համար պայմանավորվածություն ենք ձեռք բերել, նաև իր պրոդյուսինգով է զբաղվում: Պայմանավորվածությունը եղել է պրոդյուսերի հետ: Մենք իրեն ընդգրկել ենք ցանկում՝ հասկանալով, որ երկրպագուների բավականին մեծ բանակ ունի Հայաստանում»:
Ինչ վերաբերում է իր և Թինայի շփմանը՝ Վարդանն ասաց, որ իրենք անձամբ կծանոթանան Հայաստանում:
«Անձամբ Թինայի հետ շփվում եմ միայն խմբակային չաթի միջոցով, քանի որ ես իրենց Հայաստան այցի ղեկավարն եմ, ոչ թե համերգի կազմակերպիչը: Օրվա ընթաքում մի քանի անգամ քննարկումներ ենք ունենում ելույթի, այստեղ կացության, այցելության վայրերի մասին: Եթե նույն թեմաներով Ռաշամիի (Տապասիայի դերակատարի) հետ շփվում ենք նաև անձնական նամակագրությամբ, հեռախոսով, ոչ գործնական, Թինայի հետ շփվում եմ այնքանով, որքանով: Ասեմ ավելին՝ Թինան այս ցանկում միակ մարդն է, որն ինձ չի կարդում Ինստագրամում: Ես էլ սկսել եմ իրեն կարդալ զուտ հետևելու համար, քանի որ իրենք հրապարակումներ պետք է անեն: Երևի, դա գալիս է նրանից, որ իրականում շփում չենք ունեցել: Մեր առաջին հանդիպումը կլինի Հայաստանում: Հուսով եմ՝ կփոխեմ կարծիքս իր մասին»,- ասաց Վարդանը:
0Comments