Կյանքի 64-րդ տարում մահացել է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր ամերիկացի հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:
Նրա տեղեկատվությամբ, Ռուդլոֆը մահացել է հունվարի 6-ին, սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ինչպես նշում է Variety-ն՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի ոստիկանությանը, հնչյունային ռեժիսորը, ենթադրաբար, կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ:
Ռուդլոֆը ծնվել է Լոս Անջելեսում 1955 թվականին: Հետեւելով հորը՝ Թեքս Ռուդլոֆին, Գրեգն իր կյանքը նվիրել է հնչյունային ռեժիսորի գործին: Նա աշխատել է ավելի քան 150 ֆիլմերում, որոնց թվում են՝ ««Արգո» գործողությունը» (2012 թ.), «Դիպուկահարը» (2014 թ.), ինչպես նաեւ այն կինոնկարները, որոնք նրան «Օսկար» բերեցին՝ «Փառքը» (1989 թ.), «Մատրիցա» (1999 թ.) եւ «Խելահեղ Մաքսը. ցասման ուղին» (2015 թ.): Ռուդլոֆի վերջին աշխատանքը դարձել Է «Քամու հակառակ կողմը» ֆիլմը (2018 թ.), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments