Եթե ինչ-որ մեկին թվում է՝ ես դրա մասին պետք է հայտարարեմ, դա ուղղակի աբսուրդի է վերածվում. ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ-ն փակ կառույց է, առհասարակ, երբևիցե ԱԱԾ-ն այդքան թափանցիկ չի եղել, ինչքան վերջին շրջանում է

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Shantnews-ին տված հարցազրույցում հավաստիացրեց, որ տեղին չեն այն դիտարկումները, թե ԱԱԾ-ի հիմնական գործը հետախուզությունն ու հակահետախուզությունն է, բայց իրենք զբաղվում են ցանկացած այլ գործով:

«ԱԱԾ-ն փակ կառույց է, առհասարակ, երբևիցե ԱԱԾ-ն այդքան թափանցիկ չի եղել, ինչքան վերջին շրջանում է: ԱԱԾ աշխատանքների մասին բոլորը ենթադրություններով են խոսել, որ սա արին, աս արին, ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ ԱԱԾ-ն հիմնականում զբաղվում է հետախուզությամբ և հակահետախուզությամբ, ինչպես նաև պայքարում է հնարավոր ահաբեկչական գործողությունների դեմ, բայց դրանք այն գործառույթներն են, որոնց մասին խոսել հնարավոր չէ»,- ասաց նա:

Վանեցյանի խոսքով՝ եթե իրենք այսօր բացահայտում են օտարերկրյա պետության գործակալական ցանց և կատարում համապատասխան աշխատանքներ, կամ ունեն հետախույզներ այլ երկրներում և ստանում են լուրջ տեղեկություններ, իրենք դրա մասին չեն կարող խոսել:

«Եթե ինչ-որ մեկին թվում է՝ ես դրա մասին պետք է հայտարարեմ, դա ուղղակի աբսուրդի է վերածվում: Այդ մասին առահասարակ լռում են, գնահատականը տալիս է երկրի քաղաքական ղեկավարությունը, որն ի պաշտոնե տեղեկացված է մեր կատարած աշխատանքներին, իսկ հասարակությունը գնահատական պետք է տա իր կենցաղով»,- ասաց նա:

Ըստ նրա՝ կոռուպցիոյաի դեմ պայքարի, տնտեսական հանցագործությունների և այլ հանցագործությունների մասին, իհարկե, պետք է խոսեն, բայց կան գործառույթներ, որոնց մասին չեն խոսում: «Բայց հավաստիացում եմ, որ ԱԱԾ-ն բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված խնդիրները, որոնք են հետախուզությունը և հակահետախուզությունը»,- ասաց նա: