Ավելի հասանելի Եվրոպայի պահանջը. Միքայել Մինասյանի հոդվածը՝ THE HUFFINGTON POST–ում

«Մենք ենք, մեր սարերը» հայկական կինոյի դասական լինելուց բացի ամփոփում է նաև հայերի նոր սերնդի ամենամեծ վախերը

 

Մոտ 28 տարի անց այն բանից, ինչ դուրս է եկել «Քաղաքացի Քեյն» ֆիլմը՝ նվիրված ամերիկյան ինքնությանն ու ինքնագիտակցությանը, Խորհրդային Հայաստանի էկրան բարձրացավ Հրանտ Մաթեւոսյանի հիանալի վեպի հիման վրա նկարահանված մի ֆիլմ, որը հրաշքով չի հայտնվել գրաքննության տակ եւ դասական է ցանկացած մեկի համար, որը խոսում է հայերեն։ Այդ ֆիլմը կոչվում է «Մենք ենք մեր սարերը», որը պատմում է Խորհրդային Հայաստանի կյանքի, աշխարհից նրա մեկուսացվածության մասին։ 60-ական թթ երբ ողջ աշխարհը ցնցված էր տեխնոլոգիական, մշակութային ու քաղաքական հեղափոխություններով, երկու հայ հովիվներ Հայաստանի սարերում հանգիստ քննարկում են, թե որ երկրներն են, որ ամենակարեւորն են աշխարհում։ Ու հանգում են եզրակացության. «Մենք, Ամերիկան ու դե, երևի, Ավստրիան»։

«Մենք ենք, մեր սարերը» հայկական կինոյի դասական լինելուց բացի ամփոփում է նաև հայերի նոր սերնդի ամենամեծ վախերը. չամփոփվել մեր լեռներում, չսահմանափակվել մեր գիտելիքներում և մեր պապերի պես մոտավոր գաղափար չունենալ աշխարհի մասին։ Հայերի նոր սերունդը ուզում է քայլել ժամանակի հետ ու լինել ժամանակակից աշխարհի մասը։ Իսկ նոր ժամանակը, սկսած Գրինվիչից, ծնվում է Եվրոպայում։ Այդ պատճառով է, որ Հայաստանն ու հայերը ունեն բնական ձգտում դեպի Եվրոպա, ինչը բնական է, տրամաբանական, առողջ ու ռացիոնալ, որպես ընտրություն։

Մեզ համար Եվրոպան մեր հավակնությունների խորհրդանիշ է և մեր հնարավորությունների պատուհանը։ Այդ պատուհանը բացվեց ԽՍՀՄ փլուզումից հետո և այս ընթացքում հասել է վավերացման փուլում գտնվող CEPA-ի համաձայնագրի, որն արտացոլում է այդ ընդհանուր ցանկություններն ու ամբիցիաները, որ ծրագրերի տեսքով ամփոփված են փաստաթղթում»,- գրում է Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում եւ Մալթայի ինքնիշխան միաբանությունում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինսյանը։ Ըստ նախկին դեսպանի, Հայաստանն ունի ներկայումս երեք առաջնահերթություն՝  անվտանգություն, բարեկեցություն և ժողովրդագրություն եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգն ուղղակիորեն հատվում է  Հայաստանի ունեցած այս առաջնահերթությունների հետ:

Ընդ որում, ներքին կյանքի շարունակական բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների կայացումը նախապայման են Հայաստանի  ներքին անվտանգության առավել գործուն երաշխիքների ստեղծման ու դրանց ամրապնդման համար։ Հոդվածում նաեւ նշվում է, որ Հայաստանի համար կարեւոր է նաեւ մրցակցային շուկայի ապահովումը, որով հայ արտադրողները ավելի հասանելի կդառնան ԵՄ գնողնունակ շուկայի համար, իսկ առեւտուրը, հասկանալի է, որ երաշխիք է ՀՀ քաղաքացիների բարեկեցության համար։ Նախկին դեսպանն արձանագրում է, որ Հայաստանի քաղաքացիները ակնկալում են ԵՄ հետ հարաբերություններից ավելի հասանելիություն, չնայած քաղաքկան հարաբերությունների ջերմացման ու սառեցման ելեւէջումներին։  Ընդ որում հասանելիություն բառի ամենալայն իմաստով, սկսած հայաստանցի  ուսանողների համար եվրոպական կրթական փոխանակման ծրագրերին մասնակցությունից մինչեւ պարզեցված կարգով վիզային ռեժիմի հաստատում ՀՀ քաղաքացիների համար։ Հոդվածում ներկայացված են նաեւ համագործակցության այն փաթեթը, որը կա այսօր Հայաստան-ԵՄ ուղղության հարաբերությունների տիրույթում, եւ հատուկ շեշտադրում է կատարվում նաեւ այն հանգամանքին, որ լինելով ԵԱՏՄ անդամ, Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը կարող է աճել։