Չնայած հուլիսի վերջին հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությանը, որի հետևանքով հայկական կողմը զոհ ունեցավ, այս պահին սահմանին հանգիստ է, ասել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ դա պայմանավորելով նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի կիրառմամբ։
«Վերջին երկու օրվա ընթացքում կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում ընդհանրապես կրակոցներ չեն եղել», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:
Դավթյանի խոսքով հայկական զինված ուժերը սահմանային վերջին լարումները դիտարկում են որպես սադրանք Ադրբեջանի կողմից, որոնց հետևանքով հակառակորդի կրակոցից կյանքից հեռացավ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Բուլղադարյանը: «Ցավոք սրտի ունեցանք մեկ զոհ և վիրավոր: Այո՛, ունեցել ենք, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ պարբերաբար նման դեպքեր եղել են և որքան ցավալի լինի՝ սպասում ենք, որ դեռ կլինեն», - նշեց նա:
Գլխավոր շտաբի պետը հայտնում է՝ լարվածության աճի պարագայում Հայաստանի և Ադրբեջանի օպերատիվ կապն ըստ անհրաժեշտության կիրառվում է․ - «Այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունը, քչացումը նաև արդյունք է տվյալ կապով աշխատանքների»:
Այսինքն, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի մակարդակով արձանագրվում է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի օպերատիվ կապի գոյությանը, հայկական կողմը որևէ երաշխիք չունի, որ իրավիճակը կայուն կմնա: Ավելին, պաշտոնական Երևանն արձանագրում է, որ կարող են ունենալ նոր զոհեր:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի փաստում այն բանի մասին, որ հայկական կողմն էլ իր գովազդած օպերատիվ կապը չի համարում որոշիչ ու վճռորոշ գործիք սահմանային լարվածությունը վերացնելու ուղղությամբ:
Հետևաբար, այստեղ հարց է ծագում. Իսկ ինչու հայկական կողմը որոշեց «ամեն ինչ նոր էջից սկսել», եթե նախկինում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների շրջանակում միջազգային հանրության մակարդակով կոչ էր արվում Ադրբեջանին կատարել սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների պահանջները:
Այն ժամանակ գոնե այդ պահանջն էր լեգիտիմացված: Հիմա ումի՞ց և ի՞նչ հիմքով պահանջել սահմանին լարվածության վերջ տալ, եթե անգամ հայկական կողմի համար է այդ օպերատիվ կապը՝ այսօր գործում է, վաղը կարող է չգործի սկզբունքով աշխատում:
Թամար Բագրատունի
hayeli.am
0Comments