Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) հայաստանյան գրասենյակի տնօրեն Գայանե Նասոյանի, ՊԳԿ սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության հարցերով պատասխանտու Մերի Քեննիի, սննդամթերքի անվտանգության միջազգային խորհրդատուներ Գոկչե Աքբալիկի և Միրզեթ Սաբիրովիչի հետ: Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել-հստակեցնել «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները, տեխնիկական հարցերը, փոխանակել տեղեկատվություն: Ծրագիրն իրականացվելու է ՍԱՏՄ համագործակցությամբ և ամբողջությամբ համընկնում է Տեսչական մարմնի նպատակների հետ:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը սննդի անվտանգությանը, կենդանիների և բույսերի առողջությանը սպառնացող ռիսկին առնչվող ապացույցների և տվյալների ձեռքբերման, աղբյուրների վերհանման և կատարելագործման հարցերում, անցկացնել ռիսկի գնահատում՝ որոշելու համար սննդի անվտանգության, կենդանիների և բույսերի առողջության առաջնահերթ խնդիրները, մշակել վերահսկողության և ռիսկի կառավարման համապատասխան տարբերակներ՝ վտանգավոր սննդի և կենդանիների տեղաշարժից խուսափելու նպատակով, համալրել տեխնիկական կարողությունները, ինչպես նաև ուժեղացնել ռիսկի վերլուծության հմտությունները՝ կիրառելով հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն միջազգային հաջողված փորձը։
Հանդիպման մասնակիցները կարևորել են ոլորտի խնդիրներով զբաղվող գերատեսչական մարմինների ու կազմակերպությունների սերտ համագործակցությունը, բոլոր կառույցների ամբողջական տեղեկացվածությունը և համատեղ գործողությունները, ինչը թույլ կտա, որ քաղաքական որոշումները լինեն ըստ ամենայնի և բազմակողմանիորեն հիմնավորված:
Վաղը կմեկնարկի ծրագրի շրջանակներում կազմակերպվող անդրանիկ աշխատաժողովը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը, «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը:
0Comments