«ԼՈՒՐԵՐ»-ում դժգոհություն է հասունանում

Միասնություն չկա, Պետրոսն իրեն ապահովագրել է «Բաժանիր, որ տիրես» գործիքով

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը «զտելուց» հետո թվում էր՝ ղեկավար կազմը դարի նորամուծությունն էր անելու, եւ Հ1-ն իր անաչառությամբ ու օպերատիվությամբ դառնալու էր ամենավարկանիշային ու ամենադիտվող ալիքը: Թվում էր՝ այդ ամենին հասնելու համար խանգարում էր լրագրողների պրոֆեսիոնալ թիմը, որից Պետրոս Ղազարյանը շտապեց ազատվել պաշտոնը ստանձնելուն գրեթե զուգահեռ: Աշխատանքից ազատվեցին հարուստ փորձ ու գիտելիք ունեցող լրագրողներ միայն այն պատճառով, որ, Պետրոս Ղազարյանի ձեւակերպմամբ՝ հին էին: Իսկ ովքե՞ր են նորերը: Ո՞ւմ աշխատանքային փորձի ու գիտելիքների վրա է հենվում Հ1-ի ղեկավարությունը: Ովքե՞ր են համակարգում լրատվականի աշխատանքներն ու լուրերը մատուցում:

«Մինչեւ հիմա շոկի մեջ ենք: Շուտով մեկ տարին կլրանա, որ Պետրոսի թիմը «Լուրերում» է, բայց այդպես էլ չընկալեցին Հանրայինի կարեւորությունը: Աշխատում են բացառապես գործող իշխանության համար, երբեմն թվում է՝ ամեն ինչ անում են, որ դուր գան Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Հ1-ի աշխատակիցը: Ըստ նրա՝ «Լուրերի» նախկին մեկ խմբագրին այսօր չորսն են փոխարինում, որոնցից մեկն էլ Ռուզան Ավագյանն է՝ գլխավոր խմբագիրը։ «Լրատվական դաշտում անուն չունեցող մեկը: Չգիտենք էլ ինչ կրթություն ունի, բայց թիվ 1 լրատվականի ամենապատասխանատու պաշտոնն է վարում: «Կենտրոն» հեռուստաընկերության մեր գործընկերներն ասում են, որ Ռուզանն իրենց մոտ Պետրոսի բռոշկա կպցնողն է եղել:

Պատկերացնո՞ւմ եք, էդ մարդն էսօր եկել, Հանրայինում գլխավոր խմբագիր է դարձել: Ոչ մի բանից տեղյակ չէ, դեպքերն ու իրադարձությունները խառնում է, պատգամավորին ու կառավարության անդամին իրարից չի տարբերում, չգիտի կուսակցությունների անունները, դրանց ղեկավարներին... Սա՝ դեռ նորօրյա Հայաստանի ու հայկական իրականության մասին: Բա որ մի քանի տարի հետ գնանք ու փորփրենք անցյալը, պատկերացնո՞ւմ եք ինչեր կբացահայտենք գլխավոր խմբագրի հիշողության «պահոցից»: Էլ չեմ խոսում Ռուզանի՝ միջազգային լուրերին տեղեկացվածության մասին. միջազգայինը նրա համար չինական այբուբեն է: Իր չիմացության պատճառով խառնաշփոթ է ստեղծում ու ավելորդ լարվածություն առաջացնում»,- ասաց զրուցակիցս:

Նրա փոխանցմամբ՝ «Լուրերի» աշխատակազմը խիստ ուռճացրել են․ «Է՛լ նայողներ ու հսկողներ, է՛լ հսկողների հսկողներ, է՛լ խոսք տանող-բերողներ… ում ասես՝ գործ են տվել: Պատկերացնո՞ւմ եք, մարդկանց փող են տալիս ոչինչ չանելու համար, փող են տալիս միջանցքները չափչփելու եւ թիմի համբերությունը ստուգելու համար: Էդ խոսք տանող-բերող հսկիչները կարող են գործի ամենալարված պահին հայտնվել, ասենք, «news room»-ում կամ մոնտաժայինում, ու չնայած նրան, որ եթերին հաշված րոպեներ են մնացել, եւ նյութդ հասցնելու խնդիր ունես, թելադրեն իրենց քմահաճույքը՝ ցույց տալու համար, թե գործ են անում»:

Լրատվականում, ըստ աշխատակցի, լուրջ դժգոհություն է հասունացել, բայց չի պայթում, որովհետեւ «սպայկա» չկա: «Դիտավորյալ «մաքրեցին»։ Հներին, որոնք քիչ թե շատ միաբան էին, հանեցին, նորերն էլ հավաքածու են: Լրագրողներ են բերել գրեթե բոլոր TV-ներից. տարբեր հայացքներ ունեն, տարբեր գաղափարներ: Ամեն մեկն իր համար է, լավագույն դեպքում՝ երկու հոգանոց խմբեր են: Միասնություն չկա, Պետրոսն իրեն ապահովագրել է «Բաժանիր, որ տիրես» գործիքով: Բայց սա երկար չի ձգվի. մի օր պայթելու է»:

Հրապարակ