Մխիթար Հայրապետյանը պնդում է՝ բողոքի ակցիային մասնակցում է սադրանքներ թույլ չտալու նպատակով

Հաշվի առնելով բոլոր ռիսկերը, որ կարող են լինել որոշակի սադրանքներ, հույս ունեմ, որ իմ ներկայությամբ կկարողանամ քաղաքացիներին զերծ պահել սադրանքներից. Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը և նույն խմբակցության մի քանի պատգամավորներ այս պահին միացել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մուտքը փակող քաղաքացիներին։

Լրագրողների հետ զրույցում Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ դատարանի մոտ է եկել բացառապես հնարավոր սադրանքներից քաղաքացիներին զերծ պահելու համար։

«Հաշվի առնելով բոլոր ռիսկերը, որ կարող են լինել որոշակի սադրանքներ, հույս ունեմ, որ իմ ներկայությամբ կկարողանամ քաղաքացիներին զերծ պահել սադրանքներից։ Ինչպես երեկ երեկոյան վարչապետը նշեց, այս ակցիան բացառապես պետք է լինի ոչ բռնի, խաղաղ գործողությունների տրամաբանության մեջ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը և հորդորեց սպասել վարչապետի հայտարարությանը, որտեղ մանրամասն կնշվի ակցիայի բուն նպատակի և առհասարակ դատական համակարգի առողջացման պատկերացումների մասին։
Նա հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։