Ի՞նչ ընտրություն կկատարի նախագահը

Արդյոք կդառնա ինքնուրյուն գործո՞ն, թե՞ կցորդ

«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի 3-ին լրացել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու առաջադրվելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմելու ժամկետը։ Առաջադրվել է 9 թեկնածու, որոնց թվում է հեղափոխական իշխանությունների ֆավորիտ, «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը։

Ի տարբերություն թեկնածուների նախորդ ընտրության՝ այս անգամ չի գործի ժամանակավոր աշխատանքային խումբը, որը թեկնածուների հետ հարցազրույցներից հետո փակ ծրարով ներկայացնում էր իր հավակնորդին եւ նախագահին առաջարկում ներկայացնել այդ թեկնածուին։ Չնայած այդ առաջարկն էլ իմպերատիվ չէր՝ ընդամենը խորհրդատվական բնույթ էր կրում, սակայն այս անգամ Արմեն Սարգսյանը ձեռնպահ է մնացել այդ գործընթացից, ինչը նշանակում է, որ նախագահն ինքը կորոշի իր թեկնածուին՝ վերջիններիս հետ հանդիպումների արդյունքում։

Եվ ահա նախագահ Արմեն Սարգսյանը ստիպված է որոշում կայացնել, թե 9 թեկնածուներից ո՞ւմ է տալու նախապատվությունը, եւ ո՞ւմ թեկնածությունն է Ազգային ժողովում առաջադրելու՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու։

Նախագահը հատկապես 2018թ. հոկտեմբերի 2-ի՝ խորհրդարանական 3 ուժերի՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ, կողմից առաջարկված ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո, որի սահմանադրականությունը շառ ու փորձանքից խուսափելու համար որոշեց վիճարկել Սահմանադրական դատարանում, եւ ուր մայիսի 7-ին որոշում կայացվեց դրա՝ Մայր օրենքին համապատասխանելու մասին, բարդ ընտրության առջեւ է կանգնած։

Ըստ էության սա նախագահի, թերեւս, վերջին փորձն է՝ կամ ունենալ խիզախություն ու ներկայանալ՝ որպես ինքնուրույն գործոն ու ներկայացնել իր նախընտրած թեկնածուին, կամ խորը եւ համապարփակ կերպով դառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքի արտահայտությունը, եւ որպես ՍԴ դատավորի թեկնածու՝ ներկայացնել Վահե Գրիգորյանին։

Իսկ որ վերջինս Արմեն Սարգսյանի նախընտրած թեկնածուն չի եղել ի սկզբանե, պարզ էր դեռ այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը նախորդ անգամ ներկայացրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, որի՝ ՍԴ դատավոր դառնալուն, բնականաբար, հավանություն չտվեց ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

Ակնհայտ է, որ նախագահի վրա ճնշումներ են գործադրվում, սակայն այժմ սա իր տեսակի մեջ ճշմարտության պահ է նախագահի համար՝ ապացուցելու համար, որ ինքը վարչապետի կցորդը կամ կամակատարը չէ, այլ ՀՀ Սահմանադրության եւ հայոց պետության սպասավորը»: