Կեղծ «ալիբիներ» կամ նոր Հայաստանի կոռուպցիոն ծիլերը

Շարունակ թմբկահարվում է, թե Հայաստանում արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան

«Փաստ» թերթը գրում է. «Շարունակ թմբկահարվում է, թե Հայաստանում արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան։ Հակակոռուպցիոն պայքար կա, դա ակնառու է, ողջունելի է, ու որեւէ մեկս կասկածի տակ չենք դնում դրա գոյությունը։ Այնուամենայնիվ, կան երեւույթներ, որոնք մտահոգություններ են ծնում նոր կոռուպցիոն ռիսկերի առաջացման վերաբերյալ։

Անշուշտ, դրական է, որ Երեւանի քաղաքապետարանը փորձում է լուծում տալ աղբահանության խնդրին՝ «ԿամԱԶ»-ներ գնելով, մանավանդ, որ մոտենում է ամառը, ու հաստատապես առկա է համաճարակի տարածման իրական ռիսկ։ Սակայն տարակուսելի են մնում մի քանի հացեր։ Մեկ անձից գնման սկզբունքը հակամրցակցային է ու իր մեջ կոռուպցիոն ռսկեր է պարունակում, ինչի մասին արդեն մի քանի օր է՝ բարձրաձայնում են ավագանու անդամ սակավաթիվ ընդդիմադիրները։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ աղբատար մեքենաների ձեռքբերման գործընթացում հակամրցակցային համաձայնության բաղադրիչ կա, եւ դա ապացուցելի է ոչ ողջամիտ կարճ ժամկետում տեխնիկայի ներկրման փաստով

Սակայն թաքնված կոռուպցիոն ռիսկեր կան պետական այլ ինստիտուտներում, գործիչների վարքագծում եւս։ Անցած շաբաթ օրը Արարատում տեղի ունեցած բիզնես ֆորումի կազմակերպման մրցույթը շահել էր «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը։ Սա նույն կազմակերպությունն է, որը «Քաղաքացու օրն» էր կազմակերպել Երեւանում, նաեւ կազմակերպել էր Ամանորի միջոցառումները։

Ավելին, տեղեկացնենք, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունն առանց մրցույթի էր ընտրվել «Քաղաքացու օրվա» երեւանյան միջոցառումների կազմակերպման համար։ Ավելորդ չէ նշել, որ Թումանյանի 150-ամյակի միջոցառումները եւս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել:

Ուշագրավ է, որ ԶԼՄ-ներում տեղ են գտել հրապարակումներ, որոնք փաստում են, թե այս ընկերության տնօրենը սերտ հարաբերությունների մեջ է կառավարության աշխատակազմի ղեկավարի, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի, նրա պատգամավոր եղբոր՝ Հայկ Սարգսյանի հետ։

Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ վերջինս նախօրեին հայտնվել էր իսկական սկանդալի կիզակետում՝ թանկարժեք շքեղ մեքենայով շրջելով Երեւանի կենտրոնական փողոցներում։ Հեղափոխական պատգամավորն արդարացել էր, թե մեքենան իրենը չէ՝ պատկանում է ընկերոջը։ Սակայն հասարակությունը վաղուց նման արդարացումներին չի հավատում, որովհետեւ դրանք շատ նման են մինչհեղափոխական Հայաստանի իշխանավորների «ալիբիներին»։
Միայն այն բանի համար, որ Հայկ Սարգսյանը հեղափոխական է՝ հասարակությունը պարտավոր չէ հավատալ նրա յուրաքանչյուր խոսքին, մանավանդ, երբ նրա մտերիմները «պատահաբար» շահում են կառավարության միջոցառումների մրցույթները։

Սակայն, եթե նույնիսկ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը կապեր չունի այսօրվա իշխանությունը ներկայացնող գործիչների հետ, արդեն այն հանգամանքը, որ նա պարբերաբար կառավարության միջոցառումների մրցույթներ է շահում, կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին ողջամիտ կասկածներ է ծնում։

Իշխանության դեգրադացիայի գործընթացը սկսվել է, երբ հազիվ բոլորել է հեղափոխության մեկ տարին, ու այս համատեքստում այլեւս զարմանալի չեն լուրերը, որ Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության աշխատակիցները դպրոցների տնօրեններից բացատրություն են պահանջել, թե ինչու վերջիններս ներկա չեն եղել եւ չեն մասնակցել «Քաղաքացու օրվա» առիթով մարզում կազմակերպված միջոցառումներին

Քաղաքական հին մշակույթը վերականգնվում է՝ արագ տեմպերով»: