ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գյումրիում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում տեղի էր ունեցել զինված միջադեպ, որի ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էին ստացել Գյումրի քաղաքի երկու բնակիչներ, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 եւ 1985 թթ.։
Դեպքի առթիվ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:
Նախաքննության ընթացքում կատարվել են լայնածավալ քննչական գործողություններ, իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ եւ ստացվել դրանց եզրակացությունները, պարզվել են դեպքի մի շարք հանգամանքեր, սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997 թվականին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել են մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Մասնավորապես՝ դեպքի օրը՝ 15։30-ի սահմաններում՝ Գյումրիի Տերյան փողոցում, 1997թ. ծնված երիտասարդը վիճաբանել է տուժողներից մեկի եղբոր հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել վերջինիս։
Ավելի ուշ, տեղի ունեցածի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, կողմերը հանդիպել են Ղուկասյան փողոցում, որի ժամանակ էլ 1997 թվականին ծնված երիտասարդն ապօրինի կերպով ձեռք բերած, պահած եւ կրած «AK-74» տեսակի 5,45մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգով, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեպքի վայրին հարակից տարածքում եւ բնակելի տներում գտնվող բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթեր է արձակել եղբայրների ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
0Comments