Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրիում չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ ամիսներ շարունակ շինարարություն է ընթանում ու մարդիկ քայլելու համար մայթ անգամ չունեն:
«Շինարարական կուլտուրան պետք է բերել նոր մակարդակի, էստեղ քաղաքական բանավեճի խնդիր չէ»,-ասաց նա:
Փաշինյանը հանձնարարեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին հրավիրել ճարտարապետներին ու խնդիր դնել, որ եթե որեւէ տեղ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ կյանքը պետք է կանգ առնի:
Բալասանյանն անընդհատ պնդում էր, որ կառուցում են, լավ ճանապարհներ են ունենալու: Փաշինյանն էլ նշեց, որ եթե բանը հասել է իր Գյումրի գալուն, նշանակում է իրեն էլ պետք է հասած լիներ խնդիրը եւ պետք է լուծում տրված լիներ:
Ներկաներից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը, նկատեց. «Սա դեռ փառք է», ինչը առաջ բերեց Սամվել Բալասանյանի դժգոհությունը եւ վարչապետի ներկայությամբ նրանք սկսեցին վիճել՝ իրար անվանելով՝ «կլյաուզնիկ»:
Վարչապետը ստիպված էր ձայնը բարձրացնել. «Էդպես չեղավ, հետո իրար հետ կպարզաբանեք: Հիմա կարո՞ղ է էստեղ քուչի բազար սկսեք: Մի հատ հանգստացեք, այ քեզ բան»:
Հիշեցնենք, Սարիկ Մինասյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը 2013-2017թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ։ Այնուհետ 2018թ. մարտից Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետն էր: Նա բավականին սերտ հարաբերություններ ուներ Սամվել Բալասանյանի հետ: 2016թ. Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւս Սարիկ Մինասյանը շատ ակտիվ աշխատել է Սամվել Բալասանյանի շուրջ ձեւավորված դաշինքի համար:
0Comments