Երևանի քաղաքապետարանը մեզ սպառնալիքով փողոց է ուզում շպրտել, Tert.am-ի հետ զրույցում բարձրաձայնում են Արցախի փողոցի վթարային հանրակացարանի մի խումբ բնակիչներ, որոնք Բաքվի փախստականներ են` հիմնականում միայնակ ծերեր:
Բնակիչներից Նինա Հովհաննիսյանը ներկայացրեց խնդիրը: Ըստ նրա` քաղաքապետարանը որոշել է իրենց անորոշ ժամանակով տեղահանել և ստիպում է ստորագրել համաձայնագիր` տեղափոխվելու և մինչև մարտի 31-ը վարձով բնակվելու մասին՝ մինչև կկառուցվի Սիսակյան 3 հասցեում գտնվող շենքը:
Ըստ նրա` համաձայնագիրը չստորագրող բնակիչներին զգուշացրել են, որ նրանք կզրկվեն նաև նորակառույց շենքում բնակարան ստանալու հնարավորությունից:
«Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հայտարարում է, որ քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում վթարային շենքում մնացող և վարձակալության համաձայնագիրը չստորագրողների հանդեպ և վախեցնում է, որ օրենքի ուժով կառուցվելիք շենքում մեզ բնակարաններ չեն հատկացվի»,- ասաց նա և հավելեց, թե իրենք նամակ են գրել վարչապետին, նաև քաղաքապետ Հայկ Մարությանին` խնդրելով պարզաբանել, թե ո՞ր օրենքի ուժով է պետական մարմինը փողոց շպրտում փախստական, միայնակ, ծեր ու հաշմանդամ կանանց:
Կանայք նաև տեղեկացրեցին, որ քաղաքապետարանից ասել են, որ բնակարանների քանակը քիչ է, և բնակարաններ հատակացվելու են միայն մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին:
Փախստականները վարչապետին ուղղված նամակում ներկայացրել են իրենց վիճակը, որ 30 տարի է գոյատևում են այդ հանրակացարանում ծայրաստիճան սարսափելի պայմաններում:
«Կորցնելով տուն, ունեցվածք, հարազատներ, տան հագուստով փախանք Հայաստան ու այսքան տարի սպասել ենք, թե մի օր ՀՀ կառավարությունը մեր գոյության մասին կհիշի ու տարրական ապրելու պայմաններով կացարան կտարմադրի: Մենք ի վիճակի չենք դիմակայել հիմա էլ վարձով տնից տուն քարշ գալու արհավիրքին: Շենքի լիազորի և տեղացի բնակիչների կողմից ենթարկվում ենք սպառնալիքների, ծաղրի ու «գնացեք ձեր Բաքուն» կամ «թող ձեզնով զբաղվի փախստականների կոմիտեն» նմանատիպ հայտարարությունների: Եթե մեզ չօգնեն, մեզ այլ բան չի մնում, քան դիմել ՄԱԿ-ի գրասենյակ և հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից` ապաստան խնդրելով այլ պետությունում»,- իրենց նամակում նշել են փախստականները:
Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշեց, որ ներկայում վթարային շենքում մնալը նրանց կյանքի համար վտանգավոր է, և, ընդ որում, քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնում վթարային շենքից դուրս եկած բնակիչներին փոխհատուցել ժամանակավոր բնակարանի վարձակալության գումարը մինչև հիկմնական բնակարաններ տեղափոխվելը:
Կարապետյանը նշեց, թե այդ շենքի խնդրի համար քաղաքապետարանն ինչ լուծում է առաջարկում. «Ընտանիքների մի մասը, որոնք ունեն երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք, տեղափոխվում են քաղաքապետարանի տրամադրած բնակարանները, մյուսների համար կառուցվում է շենք Սիսակյան փողոցում, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2020-ի կեսերին: «Այսինքն, մեկ տարուց մի փոքր ավելի սպասելուց հետո նրանք ևս կունենան սեփական բնակարաններ: Մյուս կողմից, ներկայում վթարային շենքում մնալը նրանց կյանքի համար վտանգավոր է»:
Ի դեպ, խոսնակը տեղեկացրեց, որ հենց բնակիչներն այսօր հանդիպել են քաղաքապետի տեղակալի և այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու խնդիրը: Արդյուքնների մասին ավելի ուշ կտեղեկացնեն:
0Comments