Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող գազավորված ըմպելիքներ արտադրողները, քիչ առաջ դադարեցրին բողքի ակցիան:
Նշենք, որ նրանք պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ:
Նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սահակյանը և առաջարկեց վաղը տարբեր ընկերությունների հինգ ներկայացուցիչներ կառավարությունում հանդիպում ունենան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Կախված այդ հանդիպման արդյունքից՝ ըմպելիք արտադորղներն իրենց հետագա քայլերի մասին կհայտարարեն:
«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշեց, որ եթե վաղվա հանդիպմանը համաձայնություն ձեռք չբերվի, ապա իրենք հինգշաբթի` կառավարության նիստի օրը, ավելի մեծ թափով կշարունակեն բողոքի ակցիաները:
Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է, և այն ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով:
0Comments