«Փաստ».Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, երբ քաղաքացին կարող է ստանալ իր կենսաթոշակային հաշվի առկա ողջ գումարը

Մանրամասներ
կենսաթոշակ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ: Նշվում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող անձը (մասնակից) իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում՝ մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ՝ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն։ 

Հիվանդությունների ցանկը հաստատված է N 1070-Ն որոշման հավելվածով։ Իրավակիրառ պրակտիկայում, սակայն, առաջացել են մի շարք խնդիրներ իրավական ակտի տարաբնույթ մեկնաբանման և կիրառելիության մասով, նախարարություն են դիմել քաղաքացիներ՝ հավելվածում ներառված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու առաջարկով։ Նույնպիսի առաջարկ ներկայացրել է նաև Միասնական սոցիալական ծառայությունը։ Առաջարկությունները քննարկելիս հաշվի է առնվել, որ այդ ցանկում ընդգրկված են այն հիվանդությունները (վիճակները), որոնց առկայության դեպքում պացիենտներն ունեն բուժման ցածր արդյունավետություն, մահաբերության բարձր ցուցանիշներ, ցածր ապրելիություն, ամոքիչ (պալիատիվ) խնամքի կարիք: Նախագծով առաջարկվում է հստակեցնել արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ցանկը և հիվանդության խանգարման փուլը՝ հանելով դեկոմպենսացված փուլը, սրտային անբավարարություն հիվանդությունների դեպքում հստակեցվում է, որ բարդացած հաճախակի դեկոմպենսացիաներով վիճակները պետք է հաստատված լինեն բժշկական փաստաթղթերով, արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների դեպքում հիվանդությունների վիճակից հանվում է դեկոմպենսացված, ամոքիչ (պալիատիվ) վիճակը (դրական եզրակացությունը տրվում է անկախ այդ վիճակից), բացի այդ այս բաժնից հանվել է արյունաստեղծ և նմանատիպ հյուսվածքների չարորակ նորագոյացությունները՝ այդ հիվանդությունները թողնելով միայն 6-րդ (չարորակ նորագոյացություններ) բաժնի շրջանակներում քննության առնելու հնարավորությունը: 

Նախագծով առաջարկվում է նաև շնչառական օրգանների հիվանդություններից թոքերի սարկոիդոզի դեպքում, որպես հիվանդության վիճակ թողնել միայն III0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումները, նյարդային համակարգի հիվանդություններում առաջարկվում է ավելացնել վիրահատական բուժում պահանջող ներգանգային անևրիզմաներ, իսկ ընդհանուր հիվանդությունների վիճակներում հստակեցվում է, որ շարժողական ֆունկցիայի խանգարումները պետք է լինեն կայուն չափավոր և արտահայտված: Չարորակ նորագոյացությունների դեպքում առաջարկվում է ներառել նաև հիվանդությունների 2-րդ փուլը, իսկ մնացորդային չարորակ նորագոյացությունների դեպքում հստակեցվում է հիվանդությունների վիճակը՝ պրոգրեսիա, հիվանդության կրկնություն (ռեցիդիվ), մարսողական համակարգի և վարակիչ հիվանդությունների վիճակներից հանվում է հյուծումով (կախեքսիայով) վիճակը (դրական եզրակացությունը տրվելու է անկախ այդ վիճակից), հստակեցվել են ակնաբուժական հիվանդությունների ցանկը՝ իրավակիրառ պրակտիկայից ելնելով»: