Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազություն, չի բացառվում՝ գործադուլը նախապես համաձայնեցված է եղել. Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)

Մանրամասներ
Սուրեն Գրիգորյան

Ձեր ուշադրությանն ուզում եմ հրավիրել նրա վրա, որ աշխատանքային օրենսգիրքը համապատասխան սանկցիաների որոշակի ըստ խստության աստիճանի դասակարգում ունի, այսինքն նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն և աշխատանքից ազատում ըստ էության և այս դեպքում օրինաչափ ընտրվել է ամենախիստ պատասխանատվության միջոցն։

Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի 18 վարորդին աշխատանքից հեռացնելու որոշմանը:

Նրա խոսքով՝ նման գործընթաց կազմակերպելը և դրան ակտիվ ներգրավվելը նախապես և նախնական համաձայնության տարրեր կարող են պարունակել, ուստի ինքը դիմել է  դատախազություն:

«Արդեն համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նախաքննություն իրականացվի և պարզվի՝ արդյո՞ք մենք այստեղ գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որը առաջացնում է օբյեկտիվորեն որոշակի ծանր հետևանքներ, թե՞ մենք այստեղ գործող առանձին առնվազն անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը»,- ասել է նա:

Գրիգորյանը չբացառեց, որ այդ արարքների մեջ հնարավոր է լինել քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր:

«Խաղ չենք անում նման երևույթների հետ: Աշխատանքային մեր խնդիրները բարձրացնելու ընթացակարգեր կան, դա երբեք հանրության հաշվին չի կարելի անել: Մեզնից կախված գործողությունները և գործիքակազմն ամբողջությամբ կիրառելու ենք, որ նախ այս իրավիճակը հնարավորինս շուտ հանգուցալուծվի և կանխենք հետագայում անգամ որևիցե միտք, որ կարելի է նման իրավիճակ նորից ստեղծել»,- շեշտել է փոխքաղաքապետը:

Ինչ վերաբերում է 18 աշխատանքից ազատված վարորդին, նա նշել է, որ իրավիճակը գնահատում է և որոշումներ կայացնում «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությունը: «Ըստ էության, լինելու է հրաման, կամ արդեն այս 18-ի դեպքում կա հրաման, և այդ հրամաններն աշխատակիցներին հանձնվելուն պես իրենք նաև օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերն ունեն դա բողոքարկելու, անհամաձայնություն հայտնելու: Թաքուն գործընթաց չկա, բոլորս հնարավորություն կունենանք գնահատենք, հասկանանք՝ արդյո՞ք ամեն կոնկրետ ազատում հիմնավոր է եղել, թե՝ ոչ»,- ասել է նա: